«Կարծում եմ՝ այս իշխանություններն ինչ-որ ղալաթ են արել, Ալիևը սրանց խռիկներից բռնել, ասում է՝ ստորագրեք այն, ինչ ասում եմ, հակառակ դեպքում կբացահայտի ինչ-որ գաղտնի բաներ». Մանվել Եղիազարյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում Անկախությամն 30-ամյակը կնշվի «գունագեղ տոնակատարությամբ»։ Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստում նա ասել էր, որ «մասշտաբային և գունագեղ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։

Մի քանի օր է՝ Հանրապետության հրապարակում ընթանում են «գունագեղ միջոցառման» նախապատրաստական աշխատանքները, որին զուգահեռ՝ երեկ Սյունիքի մարզում Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածից թշնամին առևանգում է երկու հայ երիտասարդի, ովքեր վերադարձվել են ռուսական կողմի միջնորդության շնորհիվ։

168.amի հետ զրույցում անդրադառնալով «գունագեղ միջոցառմանն» ու դրան զուգահեռ՝ Սյունիքում թշնամու գործողություններին ու իշխանությունների անգործությանը, Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական  ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, նկատեց՝ «գունագեղ» միջոցառում անում են այն ժողովուրդները, որոնց եթե ոչ՝ հաղթանակը, գոնե պատիվը ոտնահարված չէ։

«Մեզ այսօր սարքել են անպատիվ, ՀՀ քաղաքացին չի կարող գնալ Հայաստանի այլ հատվածներ, մասնավորապես՝ Սյունիք։ Գունագեղի սիրտ ո՞վ ունի, գունագեղ միջոցառումներ սիրում են այն մարդիկ, որոնց սիրտն այսօրվա Հայաստանի համար չի ցավում։ Մի անգամ ասել եմ, այժմ էլ կրկնում եմ՝ որքան մոտ է պետության, պետականության վախճանը, այնքան անիմաստ ու տարօրինակ են նրա ղեկավարության գործողությունները։ Այնպես որ՝ ասելու բան չունեմ, գունագեղի սիրտ պետք է ունենանք, որ գնանք դրանց կազմակերպած միջոցառմանը։ Սիրտ չկա, և իշխանության այդ որոշումը տարօրինակ է, շատ տարօրինակ»,- նշեց Մանվել Եղիազարյանը։

Անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, Մանվել Եղիազարյանն ասաց, որ այն, ինչ այսօր անում է թշնամին, դեռևս «կատակ» է, իսկական դժբախտությունը գալու է այն ժամանակ, երբ հիմնովին հաստատվեն Սյունիքում, և իշխանությունները նրանց ավելի շատ տարածքներ զիջեն։

«Դուք հասկանո՞ւմ եք՝ 4-րդ դասարանի աշակերտների դասագրքում պատկերված է, որ ադրբեջանցի երեխան կացինով հարվածում է հայ զինվորի գլխին, նրանք այդպես են սովորում, նրանց հետ ինչպե՞ս կարելի է բանակցություններ վարել և բռնել նման պարտվողական դիրք։

Կարծում եմ՝ այս իշխանություններն ինչ-որ ղալաթ են արել, Ալիևը սրանց խռիկներից բռնել, ասում է՝ ստորագրեք այն, ինչ ասում եմ, հակառակ դեպքում կբացահայտի ինչ-որ գաղտնի բաներ, որոնց մասին մենք տեղյակ չենք, գուցե փողի մասին կասի, չգիտեմ։ Ժողովուրդն էլ է, չէ՞, ասում, որ սրանք Ալիևից փող են վերցրել, նա էլ՝ սրանց խռիկներից պինդ բռնել է ու ինչպես ուզում, այնպես էլ վարվում է։ Կարող եմ միայն մեկ բան ասել, որ այսպիսի հիմար վիճակ հայը երբեք Հայաստանում չէր կարող ստեղծել, եթե սրանք այսպիսի հիմար վիճակ են ստեղծել, ուրեմն՝ սրանք հայեր չեն, ծախու արարածներ են։ Միայն Նիկոլը չէ նման քայլեր անում, նա համագործակցում է այլ մարդկանց հետ, որոնք նրա թիկունքին են կանգնած։ Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ինչ-որ տականք վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից»,- հավելեց Մ. Եղիազարյանը։

Ըստ նրա, ստեղծված իրավիճակում բոլորը պետք է մեկ բան գիտակցեն, որ պատերազմում հայերը պարտություն չեն կրել, այլ մի ազգադավ ու դավադիր վիրավորել է Արցախին ու Հայաստանին։

«Յուրաքանչյուր հայրենասեր հայ պետք է գիտակցի մի բան, որ պատվից առավել որևէ բան գոյություն չունի։ Եթե տղամարդը, հայ տղամարդը չի կարողանում պայքարել, փոխել իրավիճակը, ուրեմն՝ մենք դատապարտված ենք ապրել ստորացված, ինչպես ապրում է իսկական ստրուկը։ Մի ժամանակ թուրքերը  Արևմտյան Հայաստանում չէին թողնում, որպեսզի հայերը ձի քշեն, նման օրենք էին հանել, հայերը պետք է փողոցներում շրջեին միայն էշերով։

Եթե ուզում ենք, որ դառնանք նույն գաղթականը, նույն ստորացված ու ցեղասպանված ազգը, թող թուրքի հետ գնան նման խաղաղության։ Ո՞ւմ է պետք անպատվաբեր խաղաղությունը, դա ստրուկին տրված միջոց է, որը երբ ուզեն՝ նրա ձեռքից կխլեն։

Շուտով Սյունիքի ճանապարհներից ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց են գողանալու, հենց տղամարդկանց աչքի առաջ, նրանց աղջիկներին են գողանալու։  Ովքեր այսպիսի խաղաղության կողմնակից են, թող նրանց աղջիկներին գողանան, այդ ժամանակ նրանք իրենց մաշկի վրա կզգան, որ կենդանուց ոչնչով չեն տարբերվում։ Միայն կենդանին է ուտում ու գնում թրքում, իսկ մարդը պետք է խելք ունենա, իսկ հայ մարդը պետք է գիտակցի, որ թուրք-ազերիների նպատակն իրեն ոչնչացնելն է, հիմա ի՞նչ խաղաղության մասին է  խոսում։ Ով խոսում է  խաղաղության մասին, նա իր կնոջը կամ աղջկան թող պատրաստի, որ փոխանակի մեր գերիներից ցանկացածի հետ։ Ամոթ է, ամոթ, ամոթ է, որ ես հայ եմ, ամաչում եմ, այլևս ասելու ոչինչ չունեմ»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս