Ձեզ համարձակության համար 22 տարի՞ էր պետք. Աղվան Վարդանյանը մի դեպք հիշեց

«Փողն ու իշխանությունը ոչինչ են» վերտառությամբ ելույթով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում հայտարարությունների ժամին:  Աղվան Վարդանյանը նախ հիշեց 22 տարի առաջ Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ մի դեպք:

««1999թ.: Վազգեն Սարգսյանը վարչապետ է: Նայում է տնտեսությունը: Պարզվում է՝ տասնյակ բիզնեսմեններ ժամկետանց պարտքեր ունեն պետությանը: Ցուցակը բաժանում է նախարարների միջև: «Հանդիպեք, ասեք՝ պետության պարտքը վերադարձնեն»,- հանձնարարում է Վազգեն Սարգսյանը:

Մի շաբաթից կանչում է: «Զեկուցեք՝ ինչ եք արել»: Նախարարներից մեկը զեկուցում է՝ «Իմ ցանկում 5 հոգի էին, 4-ի հետ պայմանավորվել եմ, ժամանակացույց եմ կազմել, կվճարեն: 5-ի հետ հանդիպեցի, սուրճ խմեցինք, ասեցի՝ էսպես, էսպես, պետության փողը պիտի վերադարձնես: Ասաց՝ «Ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ»»:

– Էդպես էլ ասա՞ց,- հարցնում է Վազգեն Սարգսյանը:

– Այո, այդպես էլ ասաց:

– Դրան կբերես ինձ մոտ,- ասում է վարչապետը:

Գալիս են, ներս մտնում:

– Բարև Ձեզ, պարոն վարչապետ,- ասում է նախարարը:

– Բարև Ձեզ: Զեկուցեք, պարոն նախարար:

Մյուսն էլ է բարևում: Վրան չի նայում: Սենյակում էդպիսի մարդ չկա, գոյություն չունի:

– Այս մարդուն հանդիպեցի, պարոն վարչապետ: Ասաց՝ «Ձեզ տալու չունեմ, պետության…»:

Մյուսը փորձում է՝ «թույլ կտա՞ք, պարոն վարչապետ»:

Չկա, վրան չի նայում, գոյություն չունի:

– Դուք ուժային նախարար եք, չէ՞:

– Այո, պարոն վարչապետ:

– Գնդակահարել: Ազատ եք:

Բիզնեսմենը չոքում է, կաղկանձում: Հատակը կարծեմ թաց է:

– Կատարեք, պարոն նախարար,- ասում է Վազգեն Սարգսյանը:

Նախարարը շրջվում է, որ դուրս գա:

– Էս աղբն էլ հետդ տար,- ասում է Վազգեն Սարգսյանը:

3 օր հետո պետության պարտքը վճարված էր»:

Զի՞նչ կցուցանե պատմությունը: Անցել է 22 տարի, մարդիկ դուխավորվել են, այս դահլիճում փորձում են վարկաբեկել Վազգեն Սարգսյանին, մեղադրում են պետական հեղաշրջում անելու մեջ, ինչպես տմարդի Ռոբերտ Քոչարյանին էին մեղադրում:

Ձեզ համարձակության համար 22 տարի՞ էր պետք: Այն ժամանակ մեղադրեիք: Թե՞ խառնել եք՝ ինչ է պետությունը, ինչ է բիզնեսմենը: Սա հարցի մի կողմն է:

Երկրորդն էլ կա: Վազգեն Սարգսյանը ազգային մտածողության սիմվոլ է, պետական գործիչ, Արցախի ազատության նվիրյալ: Սա են փորձում ոչնչացնել: Խայտառակ պարտությունից, համազգային ողբերգությունից, Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը պղծելուց հետո սա են անում: Հանուն թուրք-ադրբեջանցիների հետ բարիդրացիության, իրականում՝ հանուն փողի և իշխանության:

Միջանկյալ մի հարց է՛ն պուճուրին: Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից հանելու համար միայն Ստեփանակե՞րտ են զանգել, թե՞ նաև Հայաստանի կառավարություն: Չեք հաջողացնելու ոչնչացնել սիմվոլները: Ձեր ժամանակը կարճ է: Փողն ու իշխանությունը ոչինչ են ազգային, պետական մտածողության ու արեժքների դիմաց: Վազգեն Սարգսյանը լինելու է, դուք՝ ոչ:

Այս կարճ խոսքի մեջ ես 11 անգամ եմ տալիս Վազգեն Սարգսյանի անունը, 2 անգամ՝ Ռոբերտ Քոչարյանի: Այս երկու անունները և էլի անուններ հաղթանակի հոմանիշ են: Լսեք այս անունները, որ սրանից հետո 13 անգամ մտածեք խոսելուց առաջ»,- ելույթում ասաց Աղվան Վարդանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս