Էկոնոմիկայի նախարարությունը խաղողագործներից խնդրել է՝ չփակել ճանապարհը մինչև վաղը ժամը 10-ը
Այսօր առավոտյան Արտաշատ քաղաքում՝ Արարատի մարզպետարանում, տեղի է ունեցել հանդիպում երեկ Երևան-Երասխ ավտոճանապարհը փակած խաղողագործների, մարզպետարանի ներկայացուցիչների ու Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների միջև:
Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ առավոտից Արարատի մարզի մի քանի գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը՝ ի նշան բողոքի: Խնդիրը խաղողի մթերման հետ կապված չլուծվող հարցն էր: Մի քանի ժամ ոստիկանության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել էին բացել ճանապարհը՝ պայմանով, որ այսօր հարցին լուծում կտրվի:
Իսկ այսօրվա հանդիպմանը մասնակցած բնակիչներից 168.am-ին փոխանցեցին, որ մոտ երկու ժամ տևած քննարկումների ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները խնդրել են խաղողագործներին մինչև վաղն առավոտյան ժամը 10:00-ն որևէ քայլ չկատարել, ճանապարհներ չփակել՝ պայմանով, որ վաղն այդ ժամին խաղողագործները կստանան իրենց հուզող բոլոր հարցերի լուծումները, մասնավորապես՝ նախարարությունը կներկայացնի, թե ինչ գնով է և որ գործարաններն են մթերելու խաղողը, և ինչպես է իրականացվելու գործընթացը: