Թուրքիայում թալանել են հայկական հնամենի գերեզմանատունը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական հնամենի գերեզմանատանը սարսափելի տեսարան է. կատարաված թալանից հետո հողի մակերեսին են հայտնվել մարդկանց գանգոսկրեր, ատամներ և այլ ոսկրակտորներ։
Ավելի քան 600 տարվա հնություն ունեցող հայկական գերեզմանատունը փաստորեն հայտնվել է գանձագողերի թիրախում։ Գերեզմանագողության մասին առաջինը հայտնել է պատմաբան Էրդինչ Աքգյուլը։ Նա լուսանկարել է տեղանքը և տեղեկացրել քաղաքապետարանին: Այժմ կատարվում է հետաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Համապատասխան քննության շրջանակներում գերեզմանոցի ոսկորներից նմուշներ են վերցվել։ Գերեզմանոցի տարածքը ժամանակավորապես փակվել է։
Ըստ պատմաբան Աքգյուլի՝ հիշյալ շրջանը 2-րդ կարգի պետական պահպանության տարածք է։ Նա ցավ ու ափսոսանք է հայտնել, որ գանձագողերի կողմից ոչնչացվում են պատմության հետքերը։
«Ինձ անհանգստացնում է այս իրավիճակը: Այսպես չպետք է ավերվեր: Խոսքը մարդու շիրիմի մասին է՝ անկախ նրանից, թե ով է նա: Սա շատ լուրջ բացօդյա թանգարան է: Իշխանություններից խնդրում ենք, որ այս վայրը անհապաղ առնվի լրջագույն պաշտպանության տակ»: