««Տուշոնկաների» նմանօրինակ շոուն պատիվ չի բերում նորօրյա Հայաստանին. կարծում եմ՝ ՄԻԵԴ-ը գնահատականը կտա». Մանվել Գրիգորյանի փաստաբան

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը շարունակվում են։

168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ յուրաքանչյուր շաբաթ մեկ անգամ տեղի է ունենում դատական նիստ, գործը գտնվում է դատաքննության փուլում։

«Մանվել Գրիգորյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որը երկու անգամ աննախադեպ միջոցառումներ իրականացրեց Մանվել Գրիգորյանի հետ կապված։ Սակայն, ցավոք, այդպես էլ չստացվեց, որպեսզի Մանվել Գրիգորյանն իր բուժումը ստանար արտերկրում։ Կարծում եմ՝ ՄԻԵԴ-ն այդ գնահատականը կտա, որովհետև մեր պահանջը Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված անօրինական կալանքն ու խոշտանգման փաստն էր»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը լիահույս է, որ դատական օբյեկտիվ քննություն կիրականացվի և ճիշտ գնահատական կտրվի՝ բոլոր իրավական հետևանքներով։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի անվան հետ կապվող «տուշոնկաներին», որը իշխանության տարբեր ներկայացուցիչներ շարունակում են շահարկել, Լևոն Բաղդասարյանը նկատեց՝ Մանվել Գրիգորյանը պատմության մեջ մնալու է՝ որպես զորավար, որն ազատագրել է Արցախ աշխարհի մի հատվածը, և ոչ միայն ազատագրել, այլև պահել ու փոխանցել է հաջորդ իշխանություններին։

«Ինչ վերաբերում է «տուշոնկաներին», ապա դրան բազմիցս անդրադարձել եմ, և եթե այդ ամենը կապացուցեն՝ ամենախիստ պատիժը թող սահմանեն։ Բայց «տուշոնկաների» նմանօրինակ շոուն պատիվ չի բերում նորօրյա Հայաստանին, և մարդու մեղսագրել հնարովի մեղադրանք, որից տեղյակ չէ, մեղմ ասած, իրավաչափ չէ։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ այդ «տուշոնկա» կոչվածը, արդեն դատաքննության փուլում պարզվել է, որ բերել են Արցախից, առաջանագծից, հանել են ԵԿՄ պահեստից։ Շատ հեշտ է մարդու պիտակավորելը և դժվար է այդ խարանը անձի վրայից հանել։ Մեկ անգամ ևս արձանագրում եմ՝ լիահույս եմ, որ դատարանը գոնե այժմ իր օբյեկտիվ գնահատականը կտա»,-  հավելեց փաստաբանը։

Հարցին՝ իրատեսակա՞ն է Մանվել Գրիգորյանի գործով արդարացման հասնել այս իշխանությունների օրոք, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց, որ որպես իրավապաշտպան՝ ցանկանում է, որպեսզի Հայաստանում չլինի փողոցային արդարադատություն։

«Պետք է նաև մշակույթ ձևավորվի և «ոչ» ասվի ընտրովի արդարադատությանը, անձն անսխալական չէ, և նա իր սխալի համար պետք է ենթարկվի համապատասխան պատասխանատվության, բայց ոչ թե փողոցը դա պետք է որոշի, այլ պետք է տեղի ունենա արդարադատություն։ Բազմիցս ասել եմ, որ այս ամենը հնարովի մեղադրանք էր և պատիվ չի բերում մեր երկրին»,- շեշտեց Լ. Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թվականին, նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարացել էր, առողջական վիճակն ավելի էր վատթարացել՝ Արցախը հանձնելու լուրն իմանալուց հետո։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին նա մահացել էր հիվանդանոցում:

Հիշեցնենք նաև՝ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն):

Տեսանյութեր

Լրահոս