Եռակողմ հայտարարության տողատակերը: Ի՞նչ է պայմանավորվել Ալիևը Պուտինի հետ
168.am-ն արդեն գրել էր, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի մասով խմբագրում է կատարվել: Մասնավորապես, հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.
«Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ն Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է Հայաստանի հետ կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район, оставляя при этом за собой Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу.)
Արդեն խմբագրված տարբերակում այդ հատվածը նման տեսք է ստացել.
«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район. Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.):
Թվում է, թե մեկ-երկու բառը մանրուք է, բայց, ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է, և չի բացառվում, որ վաղը-մյուս օրն Ադրբեջանը կարող է խաթարել Արցախ-Հայաստան այս կապը:
Եռակողմ հայտարարության հիշատակված 6-րդ կետի շարունակության մեջ ավելի ուշագրավ պահ կա.
«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:
Սկզբունքորեն այստեղ ևս դոմինանտ դիրքորոշումն Ադրբեջանինն է լինելու, այլ հարց է, որ չի գաղտնազերծվում երթուղին:
Դեռ անցած տարի պատերազմից հետո Ալիևը որոշակի գաղտնազերծում արեց՝ ասելով, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվել է, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 30 կմ, ինչին Ադրբեջանը կատեգորիկ դեմ է եղել: Սրանից հետո առաջարկվել է երկրորդ տարբերակը՝ 10 կմ լայնությամբ, որին Ալիևը ևս չի համաձայնել, արդյունքում Լաչինի միջանցքի լայնություն է սահմանվել 5 կմ։
«Բոլորին հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով։ Այսպիսով՝ Լաչին քաղաքը մնում է այդ միջանցքի մեջտեղում։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը պետք է վերադարձվի մեզ։ Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել միջանցքի նոր երթուղի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Նշված է նաև ժամկետը՝ երեք տարվա ընթացքում։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել ավելի շուտ: Եվ նոր միջանցքի պարամետրերի հստակեցումից հետո Լաչին քաղաքը ևս կվերադարձվի մեզ: Այս հարցը հատուկ ուշադրության է արժանի, որովհետև եթե ես չհասնեի նրան, որ այն ներառվեր հայտարարության մեջ, ապա Լաչինի միջանցքը մշտապես կընդգրկեր Լաչին քաղաքը»,- հայտարարել էր նա:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն առաջարկել է, որ Լաչինի միջանցքը 5 կմ-ից էլ պակաս լայնություն ունենա՝ մոտ 1 կմ, սակայն ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ջանքերով նաև հաջողվել է համաձայնություն ձեռք բերել 5 կմ երկարությամբ տարբերակի շուրջ:
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ակնարկել էր, որ եթե հայկական կողմը շարունակի Զանգեզուրի միջանցքի բացման անհնարինության մասին հայտարարությունները, ապա Ադրբեջանը և Ռուսաստանը գաղտնի ու բաց խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի՝ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու թեմայով, որն առնչվում էր Լաչինի միջանցքին:
«Չի բացառվում, որ մենք ևս կհրաժարվենք այդ փաստաթղթով սահմանված որոշ պարտականություններից: Օրինակ, «պոստեր» կտեղակայենք Լաչինի միջանցքում և այնտեղ կգործենք սեփական հայեցողությամբ: Այսինքն, եթե դու հրաժարվում ես համաձայնագրից, պատրաստ եղիր դրան համարժեք պատասխան քայլի»,- նշել էր Զուլֆուգարովը:
Ինչ վերաբերում է նոր միջանցքի երթուղուն, 168.am-ին հասած տեղեկություններով, հնարավոր է, որ նոր միջանցքը հյուսիսով անցնի՝ Բայանդուր (Վաղատուր)-Խոզնավար հատվածով դուրս գա դեպի Լիսագորի տակ և իջնի դեպի Կրկժան, այսինքն, շրջանցի Շուշին:
Մեր տեղեկություններով, ներկա դրությամբ ադրբեջանական կողմն ակտիվ կառուցում է նաև Կոռնիձոր-Ստրոյկա-Մեղվաձոր-Հին Շեն ճանապարհը:
Բացի այս, Ադրբեջանը ճանապարհ է կառուցում դեպի Լաչին. Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին մայրուղին կանցնի Զանգելանի (Կովսական), Կուբաթլուի (Որոտան) և Լաչինի (Քաշաթաղ) շրջանների տարածքով: Այն կընդգրկի 30 բնակավայր:
Օրերս Ադրբեջանի ղեկավարը հայտնեց, որ Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Քաշաթաղ) շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում, ճանապարհների ընդհանուր երկարությունը մինչև 700 կմ է:
2023-ին Լաչինում պատրաստ կլինի նաև օդանավակայանը: