Աջակցելով բռնապետությանը. գերմանացի քաղաքական գործիչները հօգուտ Ադրբեջանի Արցախի հարցով ճնշում են գործադրել երկրի ԱԳՆ-ի վրա. SWR

Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ մի քանի քաղաքական գործիչներ քննադատության են ենթարկվել Ադրբեջանի օգտին իրենց լոբբիստական գործունեությունը շարունակելու համար: Այս մասին հայտնում է SWR ռադիոհեռուստատեսային ցանցը՝ նոր բացահայտումներ ներկայացնելով:

Ադրբեջանական փոքր պետությունը հեռու է, բայց ներկայում այն ավելի հաճախ է հայտնվում լուրերի գլխագրերում. այս շաբաթ Կասպից ծովում մեծ պայթյուն է տեղի ունեցել բնական գազի հանքավայրում: Մինչ այդ, ՈՒԵՖԱ-ն մայրաքաղաք Բաքվում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումներ էր անցկացնում: Սա քննադատության տեղիք է տվել, քանի որ նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը տարիներ շարունակ մեղադրվել է մարդու իրավունքների ոտնահարման և ընտրական կեղծարարությունների համար: Երկար ժամանակ Ալիևը կարիք չուներ անհանգստանալու իր կառավարության իմիջի համար, քանի որ գերմանացի քաղաքական գործիչները, այդ թվում՝ Բադեն-Վյուրթեմբերգից, ուշագրավ հաճախականությամբ պաշտպանում են այս պետությանը: Այժմ SWR-ի փաստաթղթաբանությունը լույս է սփռում այս ամենի վրա:

Ճնշում ԱԳՆ-ի վրա Լեռնային Ղարաբաղի հարցով

Բունդեսթագի մի քանի անդամների լոբբիստական գործունեությունն Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի օգտին ավելի մասշտաբային է եղել, քան ենթադրվում էր նախկինում: Ըստ SWR-ի հետազոտության՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասից ՔԴՄ պատգամավորներ Նիկոլաս Լյոբելը, Օլավ Գութինգը, Էբերհարդ Գիենգերը և Ակսել Է. Ֆիշերը, ինչպես նաև Թյուրինգիայից պատգամավոր Մարկ Հաուպտմանը 2019 թվականի դեկտեմբերին «բողոքի նամակով» փորձել են ճնշում գործադրել Արտաքին գործերի նախարարության վրա: Նամակը, որը հայտնվել է SWR-ի տրամադրության տակ, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը: Պատգամավորները պահանջում են «պարզաբանում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստանի ենթադրյալ «ապօրինի» գործողությունների վերաբերյալ:

Մինչ այժմ հայտնի է եղել միայն, որ 5 պատգամավորներից 4-ը 2019 թվականի սեպտեմբերին Բունդեսթագում այս թեմայով նույնական հարցումներ էին կատարել: SWR-ն վերջերս տեղեկացել է, որ այս նախաձեռնությունը եկել է անմիջականորեն Ադրբեջանի դեսպանատնից: Դեսպանության աշխատակիցն էլեկտրոնային նամակով գրել է Բունդեսթագի անդամ Էբերհարդ Գիենգերին. «Մենք շատ ուրախ կլինենք, եթե դուք հետևեք այս հարցին և պարոն Լյոբելի հետ միասին ուսումնասիրեք Բունդեսթագի հնարավոր արձագանքները հայկական մոտեցման վերաբերյալ»:

Անբացատրելի միամտությո՞ւն, թե՞ գիտակցված աջակցություն

Այնուամենայնիվ, պատգամավորները կանգ չեն առել գրավոր հարցման վրա, այլ նաև նամակ են գրել արտգործնախարար Հայկո Մաասին: Դրանում Բունդեսթագի անդամները բողոքում են, որ դաշնային կառավարությունը «խուսափողական» է պատասխանում Բունդեսթագում բարձրացված հարցերին: SWR-ի հարցումներն այն մասին, թե արդյոք այս նամակը նույնպես Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնության արդյունք է, Բունդեսթագի անդամներն անպատասխան են թողել:

Հայդելբերգից պատգամավոր Լոթար Բինդինգն անհեթեթ է համարել այս մոտեցումը: Նրա համար «միանգամայն անբացատրելի է, որ գործընկերներն այսչափ միամիտ են և չեն տեսնում, թե ինչպես են իրենց բռնության ենթարկում, կամ արել են դա գիտակցաբար, սակայն այս դեպքում դա խնդրահարույց է, քանի որ նրանք գիտակցաբար աջակցել են բռնապետությանը»: Սրանք բաներ են, որոնք անբացատրելի են:

Ներգրավված պատգամավորները SWR-ին չեն հերքել, որ եղել են այդ հարցումները, սակայն պնդել են, թե ֆինանսական ոչ մի օգուտ չեն ստացել:

Ներկայում դատախազությունը հետաքննում է պատգամավոր Աքսել Ֆիշերի դեմ կոռուպցիայի հավանական գործը:

Տեսանյութեր

Լրահոս