«Իրենց պողպատե մանդատով փորձում են ամենաթողություն հաստատել երկրում». Սոֆյա Հովսեփյան

«Հուսով եմ՝ վերջին անգամ եմ ասում, որ «ՏԻՄ մասին» օրենքով՝ արգելվում է ազդել համայնքի ղեկավարի կառավարման գործունեության և ժամկետների վրա: Եթե համայնքի ղեկավարը ցանկություն ունի հրաժարական տալ, ապա դա պետք է անի սեփական կամքով կամ համայնքի պահանջով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գործող իշխանությունների կողմից իրենց չսատարած համայնքների ղեկավարների հանդեպ ճնշումներին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Իրենց մուրճով կամ պողպատե մանդատով փորձում են ամենաթողություն հաստատել երկրում: Եվ այդ ամենաթողության հետևանքն այն է, որ արդեն Երևանի քաղաքապետից են հրաժարական պահանջում, մարզպետներն են պահանջում, որ այն համայնքապետերը, ովքեր չեն աջակցել իշխող կուսակցությանը, պետք է գնան: Ախր, այ մարդիկ, 3 տարի է անցել, մենք այդ արատավոր երևույթներն ենք մերժել, դուք այսօր խոսում եք մի բան, որով ամբողջությամբ ստվերում եք ձեր իսկ կատարած հեղափոխությունը, և ստվերում եք ու կասկածի տակ եք դնում, որ առհասարակ, դուք եկել էիք հեղափոխություն անելու, նոր արժեքնե՞ր բերելու մեր երկիր, թե՞ այն հին արժեքները նոր դեմքերով կրկնելու և ապրելու»,- նշեց նա:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չպետք է տրվի գործող իշխանությունների ճնշումներին. «Հենց իրենք ասացին, որ քանի որ Մարությանը չի սատարել, պետք է հեռանա: Փաստացի, այն նույն Արայիկ Հարությունյանը, որ ասում էր՝ դպրոցները պետք է զերծ մնան քաղաքականությունից, այս ընտրությունների ժամանակ ականատես եղանք, թե դպրոցները որքանով զերծ մնացին քաղաքականությունից: Միակ տարածքը Երևան քաղաքն էր, որտեղ Երևանի քաղաքապետը որևէ ազդեցություն չունեցավ դպրոցների, դպրոցի տնօրենների վրա, և թողեց անկախ իրենց որոշմամբ ընտրությանը, իսկ մնացած մարզերում և համայնքներում ազատվեցին դպրոցների տնօրեններ, ովքեր նախկինում սատարել են ՀՅԴ-ին կամ ՀՀԿ-ին, ստիպեցին, որ՝ կամ պետք է մեզ հետ լինեք, կամ դիմում գրեք՝ գնաք, և դա տարածված է բոլոր մարզերում: Փաստացի, ստացվում է, որ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն էր դա անում, նողկալի էր, անընդունելի էր, անօրինություն էր, բայց երբ ՔՊ-ն է անում ու ավելի կոշտ մեթոդներով, ավելի բացահայտ գռեհկությամբ, դա պետք է լինի ընդունելի՞»:

Տեսանյութեր

Լրահոս