Կայացել են «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները
Հունիսի 22-ին տեղի են ունեցել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար նախապես հայտագրվել են 2759 դիմորդներ: Նրանցից 1771-ը քննություններին մասնակցելու են մարզերում, մյուսները` Երևանում:
Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն` քննություններն անց են կացվել 23 քննական կենտրոններում, որոնցից 8-ը՝ մայրաքաղաքում, 15-ը՝ մարզերում։
«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 1377, «Ֆիզիկա» առարկայի համար՝ 1382 դիմորդներ: Թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները ԳԹԿ-ի կայքում և dimord.am էլեկտրոնային պորտալում կհրապարակվեն քննության ավարտից 2 ժամ անց, իսկ քննության գնահատականները՝ քննությունը հանձնելու 5-րդ օրը։
Հունիսի 21-ին Գնահատման և թեստավորման կենտրոնը հանդես է եկել հունիսի 15-ին անցկացված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության նախնական արդյունքների վերաբերյալ պարզաբանմամբ:
««Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության 1-ին թեստի 70/5 և 3-րդ թեստի 70/6 առաջադրանքների պատասխանները սկզբնապես հրապարակվել են վրիպակով, ապա տրվել է ուղղում: Մասնագիտական առումով ճիշտ պատասխանն ուղղվածն է: Սակայն շտեմարանում առկա է բովանդակային առումով տվյալ պնդմանը համարժեք պնդում՝ հակառակ պատասխանով, ինչը կարող էր շփոթության մեջ գցել դիմորդին: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ հարցը կներկայացվի բողոքարկման հանձնաժողովին՝ դիմորդին տրվող միավորի վերանայման համար»,- մասնավորապես նշել է ԳԹԿ-ն:
«Հայոց լեզու և գրականություն» առարկայից բողոքարկման արդյունքները կհրապարակվեն հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում: