Այն փախստականները, որոնք դուրս էին գալիս Արցախից, անցնում էին մեր մոտով. ականատես եղանք նոր ցեղասպանության. Ափօ Սահակյան
Երուսաղեմում ծնված, այնտեղ մեծացած, հայկական ոգով ու շնչով դաստիարակված Ափօ Սահակյանը Հայաստանը բազմագույն ու բազմաշերտ է համարում: Նա ձգտում է հայկական ժողովրդական երգերի կատարմամբ ցույց տալ, որ պահանջատեր է, փորձում է երգերի միջոցով սերունդներին փոխանցել մեր պատմությունն ու ավանդույթները: Երգիչը, որը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ընկերների հետ եկել էր հայրենիք և Տեղ գյուղում կամավորական աշխատանքներ իրականացրել՝ ցանկանալով ինչ-որ կերպ օգտակար լինել Հայաստանին, վստահ է, որ առօրյայում պետք հաճախ օգտագործել բարբառներ, ինչը հնարավորություն կտա պահպանելու կապը հայրենիքի, հողի հետ:
«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Ափօ Սահակյանի հետ՝ փորձելով ընթերցողներին ներկայացնել երգչի երաժշտական նախասիրությունները, Հայաստանի հանդեպ սերն ու նվիրվածությունը և առաջիկա անելիքները:
-Ափօ, ձեր մասին հոդվածներ կարդալիս պարզեցի, որ մասնագիտությամբ քաղաքագետ եք: Կպատմե՞ք, թե ինչպես և երբ ձեզ հետաքրքրեց երաժշտարվեստը:
-Ծնվել եմ Երուսաղեմի հայկական թաղամասում, մեծացել շատ գիտակից, քաղաքակիրթ հայկական ընտանիքում: Միայն հայերեն ենք խոսել ու ուշադրություն դարձրել հայերին հուզող սոցիալական, տնտեսական, քաղաքական և այլ թեմաների: Ընտանիքիս անդամները դաշնակցական են, իսկ դաշնակցության ժառանգությունը հարուստ է երաժտությամբ, որի միջոցով նրանք պահպանել են հեղափոխական երգերը՝ «Գինի լից», «Դաշնակ Դրո» և այլն: Այդ և այլ երգերով էլ փոխանցում ենք մեր պատմությունը, մեր հեղափոխական պատմությունը:
Պարզ է, որ երաժշտությունը միշտ շուրջս է եղել. երբ սկսեցի կիթառ նվագել, հայրս ասաց, որ շատ է ուզում՝ հեղափոխական ու ավանդական երգեր նվագեմ, որ հպարտանա իր մանչով: Այդպես տարվեցի հայկական ժողովրդական երաժշտությամբ:
-Երբ լսում եմ Apo and The Apostles խմբի կատարումները, տեսնում եմ, որ այդ նախագծում գերակշռում է ռոքը…
-Մի քանի նախագիծ ունեմ: Apo and The Apostles խումբն արաբերենով փոփ-ռոք երաժշտություն է ներկայացնում, իսկ «Ափօ Սահակյան» նախագծում կատարում եմ բացառապես հայկական ժողովրդական երգեր: Կան նաև այլ նախագծեր, որոնց շրջանակում երգում եմ եբրայերեն, անգլերեն: Նախագծերի երաժշտական ոճերը շատ են տարբերվում: Եթե հիմա գնամ մարզասրահ, անպայման հեվի մեթալ երաժշտություն կլսեմ: Ամեն ժանր սիրում եմ, բայց իմ երաժշտական բնությամբ ծանր ռոքի երկրպագու եմ:
-Ավանդույթները, ռազմահայրենասիրական ոգին պահպանելուց զատ ի՞նչն է ձեզ գրավում ժողովրդական երգերում: Գուցե սե՞ր կա, կարո՞տ…
-Այդ երգերում ամեն բան առկա է: Եթե մենք երգենք մեր ժողովրդական երգերը, կգնահատենք մեր մշակույթը, մեր ժառանգությունը և պատմությունը: Իմ կատարած երգերի մեծ մասը Արևմտյան Հայաստանից են՝ Վանից: Երբ հնչեցնում ես այդ գործերը, պահպանում ես դրանք, պահպանում ես քո պատմությունն ու հիշեցնում, որ պահանջատեր ազգ ես: Հիմա էլ Շուշիի պահանջատերն ենք: Վաղը չէ մյուս օրը գուցե Շուշիի երգերը կատարենք: Անգամ նման նախագծի գաղափար կա, որը դեռ նախապատրաստական փուլում է: Ուզում ենք նոր ալբոմձայնագել ոչ թե ավանդական, այլ նոր երգերով, որոնք ռոք, փանկ ժանրում կլինեն, բայց արցախյան բարբառով: Ես հավատում եմ, որ մարդիկ անպայման պետք է բարբառներ օգտագործեն իրենց միջավայրում: Եթե պահպանենք բարբառները, կպահենք մեր կապը հողի հետ, հայրենիքի հետ, իսկ մեր հայրենիքը բազմագույն, բազմաշետ է:
Անհրաժեշտ է պահպանել արցախյան բարբառը: Ի վերջո Արցախը մեր հայրենիքն է: Այն փաստը, որ մենք հիմա այնտեղ չենք, չի նշանակում, որ ուրանում ենք:
-Նշեցիք, որ ձեր տարերքը ռոքն է: Եթե հասցրել եք ծանոթանալ հայաստանյան հատկապես փաբային երաժշտական մշակույթին, ապա նկատած կլինեք, որ երիտասարդ խմբերը հետաքրքիր գործիքավորմամբ և ռոք ժանրում են ներկայացնում հայկական երգերը: Սիրում եք ռոք, բայց ավանդական գործերը կատարում եք մեղեդային, լիրիկական մեկանաբանությամբ: Փորձե՞լ եք այլ կերպ:
– Ուզում եմ երգերն այնպես ներկայացնել, որ դրանք հնարավոր լինի լսել և՛ բարում, և՛ հարսանիքների ընթացում, և՛ տանը, և՛ մեքենայում, ամեն տեղ: Եթե ռոք ժանրով երգեմ, դրանք տարածում կգտնեն միայն փաբերում. դժվար կլինի միացնել տատիկի, պապիկի մոտ ու ասել, որ լավն է: Իմ նպատակը ժողովրդական երգերը նորովի մեկնաբանելն է, որ դրանք դիմանան ու վերապրեն այս դարը: Վստահ եմ, որ հարյուր տարի հետո էլ նույնը կանի մեկ այլ հայ:
-Երուսաղեմում կատարե՞լ եք հայկական գործեր, եթե այո, օտար հանդիսատեսն ինչպե՞ս է դրանք ընդունել:
-Արաբները սիրում են հայկական աշխույժ երգերը: Ջանմ-ջանմ երգեր կան, չէ՞ … Նմանատիպ գործերն են սիրում, իսկ հրեաները նախընտրում են տխուր երգերը: Բայց այնտեղ աշխատում եմ հայկական երգեր հաճախ չնվագել: Apo and The Apostles նախագիծը շատ պահանջված է, իսկ շուկային պետք է բավարարել:
Շատ տարածված է այլընտրանքային (alternative) ռոքը, որում կա ռոք, հիփ հոփ, մի խոսքով՝ այն ամենը, ինչը փոփ չէ:
-Ափօ, միայն երգով հետաքրքրված չեք: Երուսաղեմում պայքարում եք հայերի իրավունքների պաշտպանության համար, անտարբեր չեք հայրենիքի ճակատագրի հանդեպ, ինչն ապացուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ձեր և ձեր ընկերների Հայաստան գալով:
Կամավորական ի՞նչ գործունեություն էիք ծավալում Սյունիքի մարզի Տեղ գյուղում: Ի՞նչ եք տեսել, ի՞նչ խնդիրների եք բախվել այդ օրերին:
-Գնացել էինք ստուգելու օտար լրագրողների փաստաթղթերը, հասկանալու՝ իրավունք ունե՞ն մուտք գործել Արցախ, թե ոչ: Առաջին տասը օրը մի քիչ անկազմակերպ էր ամեն բան. մենք փորձում էինք անել հնարավորը՝ կարգուկանոն մտցնելու համար, բայց քիչ-քիչ սկսեցինք առնչվել փախստականների հետ:
Այն փախստականները, որոնք դուրս էին գալիս Արցախից, անցնում էին մեր մոտով: Ականատես եղանք նոր ցեղասպանության: Ժողովուրդը կուլ է տվել այս ողբերգությունը, բայց դեռ չի հասկանում, որ ցեղասպանություն է ապրել: Առաջ սև ու սպիտակ ժապավենով էինք նայում ցեղասպանության կադրերը, հիմա՝ մեր աչքով: Կորցրինք 5000 լավ տղայի, հող կորցրինք: Այդ օրերին Սյունիքում փորձում էինք ինչ-որ կերպ թեթևացնել փախստականների ցավը. սուրճ էինք հյուրասիրում նրանց, մեր ուսն էինք առաջարկում: Սարսափելի է, որ նման բան ես տեսնում, բայց ուժ չունես որևէ բան անելու: Դժվար էր, ծանր էր: Մենք կատարեցինք մեր պարտականությունը. չեմ կարող ասել, որ լավ կատարեցինք կամ բավարար, բայց երբ մեր հայրենիքը մեր կարիքն ուներ, այստեղ էինք: Հայրենիքը հիմա էլ մեր կարիքն ունի, ուստի հիմա էլ այստեղ ենք, և չենք ցանկանում հեռանալ:
Շատ մարդիկ այսօր անտարբեր են, չեն գնահատում հայրենիքի գինը, կարծում են, որ միշտ այլ մարդ պետք է գինը վճարի, իսկ իրենք պետք է վայելեն իրենց կյանքը, բայց պետք է ասել, որ մեր հարևանները շվեդները չեն, պետք է տեսնել իրականությունն ու հիշել, որ Կովկասում ենք, որտեղ պետք է ամուր լինել ու կովկասցի լինել: Ուզում եմ՝ հայ լինենք ու Հայաստանում ապրենք: Ըստ իս՝ մշակութային խավը պետք է պահպանի մեր ազգային հավաքական արժեքները:
-Հետևելով վերջին շրջանի ձեր ստեղծագործական գործունեությանը՝ նկատեցի, որ Գյումրիում նկարահանել եք «Մարո», Սևանում՝ «Իմ Մուրադին» տեսահոլովակները, նոր երգեր եք ձայնագրել, անգամ սկավառակ եք թողարկել: Պարբերաբար ելույթներ եք ունեցել Երևանի փաբերում: Առաջիկայում համերգային ծրագիր նախատեսվո՞ւմ է:
-Պատրաստվում եմ համերգի, բայց խումբ հավաքելը ժամանակ է պահանջում: Երևանում հանդես եմ եկել միայնակ կամ ջութակահարի, թավջութակահարի հետ, իսկ այս անգամ ուզում եմ մեծ բենդով ելույթ ունենալ, որ ժողովրդին ներկայացնեմ հայկական լեռնաշխարհի ձայնն ու ուժը:
Կլինեն նոր ու հին երգեր: Շատ եմ սիրում մեր ժառանգությունն ու չեմ կարծում, որ զիջում ենք որևէ մեկին: Մշակույթի մեջ շատ լավն ենք: Անհրաժեշտ է պահպանել այն, ինչը մերն է: