«Ադրբեջանը ինչ դնում ա վզին՝ անում ա. 8 ամիս պահել էիր քարտեզները, որ նախընտրական շոո՞ւ անեիր». Սերժ Սարգսյան
«Ես իրենց բարի վերադարձ եմ մաղթում և ցանկանում եմ, որպեսզի նրանք կարճ ժամանակում կարողանան կազդուրվել, վերականգնվել, որովհետև նրանք, իրոք, դժոխքի միջով են անցել․ Բաքվի բանտերում նրանց նկատմամբ վերաբերմունքն անմարդկային է»,- Գեղարքունիքի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների և համակիրների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նախօրեին Հայաստան վերադարձած հայ գերիներին՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նկատեց, որ ցայսօր հանրությունը տեղյակ չէ, թե քանի գերի ունենք և գերության մեջ քանի հայ զինվոր ու սպա է սպանվել․ «Այս կապիտուլյանտ իշխանությունների ամենամեծ թերություններից մեկն էլ այն է, որ այդ ամբողջ տեղեկատվությունը նրանք փակ են պահում։ Այն թվերը, որ ես ասում եմ՝ իրավապաշտպան կառույցների աշխատանքի արդյունք է․ պարզվում է, որ մենք ունենք Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչված հայ գերիներ՝ 60 հոգի, մենք ունենք տեսագրություններ՝ 30 հոգու, մենք ունենք իդենտիֆիկացված ևս 47 հոգի։ Այսինքն՝ մենք չգիտենք՝ քանի գերի ունենք, պատկերացնո՞ւմ եք․ Այս իշխանությունների առաջին խնդիրը դա պետք է լիներ, և ութ ամիս է ի՞նչ են արել։
Բայց ուզում եմ այստեղից էլ բոլոր քաղաքական ուժերին կոչ անել, որպեսզի չշահարկեն այդ մարդկանց անունները, որովհետև առանց այն էլ իրենք դժոխքի միջով են անցել, և այս նախընտրական պրոցեսներին իրենք չպետք է մասնակցեն»։
Մեկնաբանելով տեղեկությունը, որ 15 գերիները Հայաստան են վեադարձվել ականապատված քարտեզների դիմաց՝ Երրորդ նախագահը նկատեց․ «Երեսուն տարի այդ տարածքներն ականապատվել են․ պատկերացնո՞ւմ եք այդ քարտեզներն իրենցից ինչ արժեք են ներկայացնում։ Մի քանի հարց է առաջանում՝ ինչո՞ւ տասնհինգ հոգու հետ․ այդ քարտեզները մեզ շատ ավելի մեծ հնարավորություն էին տալիս, քան տասնհինգ գերեվարված հայ զինվոր ու սպա վերադառնային, բայց այդպես է՝ Ադրբեջանն ինչ պայման դնում է, ժողովրդական լեզվով ասած՝ ինչ դնում են վզին, անցնում է, որովհետև ունակություն չունեն բանակցելու, չգիտեն՝ ինչը ինչի դիմաց է պետք փաստարկները բերել։
Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, բա ինչո՞ւ այս ութ ամսում չեն արել դա․ պահել են, որ նախընտրական շոու անե՞ն։ Այսինքն՝ Ալիևի հետ պաս տալով՝ իրար հետ խաղում ե՞ն։ Էս ա սրանց էությունը։
Ժողովուրդ ջան, պարզ է չէ՞ հարցս՝ եթե քարտեզը կա, եթե հնարավոր էր փոխանակել, ինչո՞ւ են պահել՝ ընտրություններից յոթ օր առաջ են դա անում․ Լավ, դա մարդկային վերաբերմունք է՞։ Մեկ անգամ ևս սա փաստում է այն պարզ ճշմարտությունը, որ այս կապիտուլյանտի, սիմուլյանտի համար մարդկային կյանքը ոչինչ չարժե՝ միայն մի մանդատ-երկու մանդատ ավել տանի։
Տեսե՛ք, Ադրբեջանում քեֆ ուրախություն է․ վերջապես իրենք ստացել են այդ քարտեզները, և դա իրենց շատ ձեռնտու է, բայց մի հանգամանք էլ կա՝ եթե մենք ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանային, որ հունիսի տասներկուսին դա չի կարելի անել․ Քելբաջարը մենք առանց կրակոցի նրանց տվեցինք՝ Մոնթեի ծնդդյան օրը, հիմա էլ՝ Մոնթեի մահվան օրը՝ հունիսի 12-ին այդ քարտեզները նվիրեցինք իրենց՝ այդ թվում այն հատվածի, որտեղ զոհվել է Մոնթեն»։
Այս համատեքստում Սերժ Սարգսյանը հիշեցրեց նաև Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին, որոնք 2014թ․-ի ամռանը ներթափանցել էին Քարվաճառ, պատանդ վերցրել 14-ամյա Սմբատ Ցականյանին ու սպանել։ Պատերազմից հետո գերիների փոխանակման գործընթացի մեկնարկի ժամանակ նրանք Բաքվին էին փոխանցվել․
«Հիշում եք չէ՞՝ մենք ունեինք երկու ադրբեջանցի հանցագործներ, ովքեր եկել էին ու նաև Քալբաջարի տարածքում երեխա էին սպանել։ Հանցագործների էին, նստած էին․ առանց որևէ պայմանի՝ մենք հետ վերադարձրեցինք․ ինչո՞ւ։ Լավ, թուղթ ես ստորագրել, այնտեղ գրված է չէ՞՝ բոլորը բոլորի դիմաց․ ինչո՞ւ պայման չես դնում, ինչո՞ւ չես ասում՝ տվե՛ք մյուսներին»։
«Ես չեմ զարմանա, որ վաղը ինչ-որ հանգամանքներ պարզվեն, թե ինչու է մարդ այսքան վախենում Ալիևից, թե ինչո՞ւ այս մարդն այսքան պայմանները կատարում Ալիևի։ Բայց իր համար մեկ է՝ ինչ-որ բան էլ բացվի, էլի ասելու է՝ սուտ է, սուտ ասելով ման է գալու։ Դրա դեմ պետք է պայքարել, առաջին հերթին՝ երիտասարդները»,-եզրափակեց Սերժ Սարգսյանը։