Փաշինյանի՝ ռազմական «փայլուն» թվաբանությունը
1999-2007 թվականը ՀՀ ռազմական բյուջեն՝ բոլոր տարիները միասին վերցրած, եղել է 1 միլիարդ դոլար, իսկ նույն թվականներին Ադրբեջանի ռազմական բյուջեն եղել է 2.8 միլիարդ դոլար:
Օշականում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ մինչև 1999 թվականը ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական բյուջեները եղել են համեմատելի իրար հետ: Եվ այն ժամանակ, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն շատ մեծ տեմպերով սկսել է աճել, ՀՀ ռազմական բյուջեում ադեկվատ փոփոխություն տեղի չի ունեցել, և մենք արդեն 2007 թվականի դրությամբ 3 անգամ զիջել ենք Ադրբեջանին՝ ռազմական հարաբերակցության առումով:
2008-2017 թվականներին Ադրբեջանի ռազմական բյուջեն եղել է շուրջ 26 միլիարդ դոլար, ՀՀ ռազմական բյուջեն եղել է 4 միլիարդ դոլարի կարգի: Եվ այդ ընթացքում Հայաստանն իր ռազմական բյուջեով շուրջ 3.7 անգամ զիջել է Ադրբեջանին:
Հիմա, երբ որ մենք ասում ենք՝ հող հանձնել, երբ որ մենք ասում ենք՝ կապիտուլյացիա, բա կապիտուլյացիան ուրիշ ո՞նց է լինում: Բա որ խոսում ենք տնտեսական աճերի, հրաշքների մասին, բա ինչպե՞ս է, որ այդ նույն ժամանակաշրջանում ՀՀ ռազմական բյուջեն ադեկվատ աճ ցույց չի տվել: Այստեղ է, որ արտահայտվում է հող հանձնել-չհանձնելը, կապիտուլյացիայի ենթարկվել-չենթարկվելը, կապիտուլյացիայի ենթարկվել-չենթարկվելը:
Եվ վերջին երեք տարում մենք ռազմական ծախսերի նպատակներով կրկնակի ավել գումար ենք ծախսել, քան ծախսվել է 1998-2007 թվականներին: 3 տարվա ընթացքում մենք ռազմական նպատակներով մոտավորապես ծախսել ենք վերջին 10 տարվա ծախսածի 70 տոկոսը: Վերջերս միջազգային կազմակերպությունները հստակ արձանագրեցին այս բանը՝ ասելով, որ 2011-2020 թվականը ՀՀ ձեռք բերած զենք-զինամթերքի շուրջ 62 տոկոսը ձեռք է բերվել միայն 2019-ին:
Իսկ 2018-2020 թվականների ընթացքում ձեռք է բերվել 2011-2020 թվականներին ՀՀ ձեռք բերած զենք-զինամթերքի 75-80 տոկոսը: Այս իրողություններն են փաստերը, սրանք են ցույց տալիս, թե ՀՀ որ իշխանությունը ինչ նպատակադրումով է առաջադրվել, և թե ՀՀ-ի որ իշխանությունը ինչ վերաբերմունք է ունեցել Ղարաբաղի, Ղարաբաղի հարցի, նրա ժողովրդի հանդեպ, և ընդհանրապես ՀՀ պաշտպանողականության հարցում»,- շարունակեց նա:
Փաշինյանը նշեց, որ պատերազմից հետո կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, որոնց լուծումը պետք է կոնսոլիդացնել հանրային ուժերը:
«ՀՀ-ից արմատախիլ պիտի անել քաղաքական բայղուշության ինստիտուտը: Այսօր շատերը հասկանալով, որ ընտրություններով չեն կարողանալու ժողովրդի վստահության քվեն ստանալ, խոսում են ինչ-որ քաղաքացիական պատերազմների, բախումների մասին: Ես ասում եմ՝ ՀՀ-ում չի լինելու քաղաքացիական պատերազմը, չեն լինելու քաղաքացիական բախումներ»,- ընդգծեց Փաշինյանը:
Նշենք, որ այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում Փաշինյանն ինքն էր քաղաքացիական վրեժի պատրաստվելու կոչ արել:
«Եվ դուք կտեսնեք քաղաքական, քաղաքացիական վենդետաներ, կտեսնեք կադրային ջարդուփշուր։ Բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, որոնք ժողովրդի ներողամտությունից օգտվելով՝ 3 տարի գործել են ժողովրդի դեմ: Պետական կառավարման համակարգից բոլորին հատ-հատ վզներից բռնած անձամբ դուրս ենք շպրտելու: Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի»,- ասել էր նա: