Մարմնավաճառության բիզնեսը Գյումրիում ծաղկում է
Գյումրիում գործող փաստաբան, ՀՀ փաստաբանական պալատի անդամ Թամարա Յայլոյանը հարցազրույց է տվել galatv.am կայքին, որում անդրադարձել է Գյումրիում սոցիալական անապահովության և լարվածության խնդրին: Նրա խոսքով` Գյումրիում ներկա պահին մեկ բիզնես է զարգացած, և դա մարմնավաճառության բիզնեսն է:
«Գյումրիում ամենալավ զարգացած, ամենաեկամտաբեր և ամենաշահութաբեր բիզնեսը մարմնավաճառությունն է: Ընդհանուր ֆոնը այնպիսին է, որ Գյումրիում մարմնավաճառների մեջ գերակշռող թիվ են կազմում այն կանայք, ովքեր միայնակ մայրեր են: Նրանց մեջ կան այնպիսիները, որոնց ամուսինները գնացել են արտերկիր՝ գումար աշխատելու և չեն վերադարձել: Այն սեռական շահագործում է: Իհարկե, եթե նրանց կամքից դուրս է, դա կոչվում է սեռական թրաֆիքինգ: Եվ շատ մարդիկ լավ ապրում են դժբախտ կանանց սեռական շահագործման հաշվին, նրանք` ովքեր միջնորդներն են և կոչվում են կավատներ»:
Ըստ փաստաբանի՝ այդ բիզնեսից ամենամեծ փայաբաժինն ունեն հենց կավատները, ապա` այն հիմնարկ-ընկերությունները, որոնք նախատեսված են հատուկ այդ բիզնեսի համար, ու նոր` մարմնավաճառ կանայք:
«Այս երևույթը ծաղկում է, շարժվում առաջ, դառնում ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը: Նույնիսկ կարելի է ասել՝ զգացվում է, որ նմանվում է կազմակերպված հանցագործության: Վերջերս գործով մասնակցեցի դատավարության և, մարմնավաճառ կանանց իսկ հավաստմամբ, նրանք միջինը մեկ հաճախորդից 5-10 հազար դրամ են վաստակում, և օրական ամենաքիչը 4-5 հաճախորդ են ընդունում-ճանապարհում: Դա ամսական միջինը 2000 դոլար է կազմում: Իսկ այն անձինք, ովքեր օգտագործում են այդպիսի կանանց, ավելի շատ են վաստակում, քան իրենք՝ այդ կանայք: Շատ ժամանակ հանդիպումներ են լինում ռեստորաններում, հյուրանոցներում: Ես համոզված եմ, որ ինչ-որ հստակ չափաբաժիններ ունեն նաև այդ կազմակերպությունների և հաստատությունների տերերը»,-ասել է Թամարա Յայլոյանը:
Փաստաբանը վստահ է, որ նման ծառայություններից օգտվում է հիմնականում պաշտոնական վերնախավը: Քանի որ նման գործերում պաշտպանության ժամանակ, երբ փորձել է առաջարկել մարդկանց հրավիրել դատարան, կամ զրուցել, հրաժարվել ու թաքցրել են նրանց անունները:
«Բոլոր այն դեպքերում, երբ ես փորձել եմ խորանալ ու հարցնել, թե իմ պաշտպանյալներն ում հետ են հանդիպել, իրենք կավատի գումար տվել են, թե ոչ, բայց թաքցրել են: Չեմ կարծում, որ եթե նման մարդիկ հայտնի չլինեն, իրենք կթաքցնեն: Նրանք նշում էին հիմնականում, որ ոչ մեկը տեղացիներ չեն, նրանք հայեր են, որոնք Ռուսաստանից ժամանակավոր եկել են ու հետո նորից գնացել: Էդ ընդհանուր տենդենցը, որ նրանք թաքցնում են, խոսում է այն մասին, որ այդ մարդիկ՝ սպասարկվողները կամ «կլիենտները», հասարակությանը հայտնի մարդիկ են, որոնց անունները գաղտնի են պահվում»: