Բաժիններ՝

Րաֆֆի Հովհաննիսյան. Ես Ֆատալիստ չեմ. մամուլ

«Դեկտեմբերի 22-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համատեղ քաղաքական-քաղաքացիական հավաք-համագումարի ժամանակ պաշտոնական հայտարարություն կանի առաջիկա ընտրական գործընթացներին իր և կուսակցության մասնակցության ձևաչափի ու բովանդակության վերաբերյալ: Մինչ այդ կուսակցության առաջնորդը երեկ մեկնել էր Վանաձոր:

Առաջին անգամ նախագահական ընտրություններին մասնակցող Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում վանաձորցի լրագրողներին ու կուսակցականներին ներկայացրեց մեր «ցավալի հետագիծը»: Ըստ նրա` նախորդ 20 տարիներին Հայաստանում անցկացված ընտրությունները եղել են ոչ թե իրական, իրավական` դե յուրե, այլ դե ֆակտո ընտրություններ:

Իր նշած «ցավալի հետագծի» և վերջին խորհրդարանական`«կեղծված» ընտրությունների մասին բարձրաձայնող Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն,  լիահույս է, որ 21 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվելու են ազատ, արդար, ժողովրդավարական` Հայաստանի Սահմանադրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ`գործող նախագահի խոստման համաձայն: «Միասին առաջիկա ամիսների ընթացքում պիտի ունենանք առաջին դե յուրե հաշվետու իշխանությունը, նախագահությունը»,-վանաձորցիներին վստահեցրեց «Ժառանգության» առաջնորդը:

Երեկ «Ժամանակը» մի քանի հարց ուղղեց Րաֆֆի Հովհաննիսյանին` պարզելու նման վստահության կամ լավատեսության երաշխիքները»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և ներկայացնում հարցազրույցը:

– Լրատվամիջոցներին տված Ձեր հարցազրույցներում, նաև այսօրվա ելույթում նշեցիք, որ ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, որոնք ժողովրդավարական, ազատ, արդար չեն եղել, առաջիկա նախագահական ընտրություններն այդ առումով աննախադեպ են լինելու: Որտեղի՞ց այդ վստահությունը, միգուցե գաղտնի տեղեկատվության եք տիրապետում,  որը մենք` հանրության լայն զանգվածներս, չգիտե՞նք:

– Ոչ, ես գաղտնի տեղեկություն չունեմ: Միաժամանակ ես ֆատալիստ չեմ, ճակատագրապաշտ չեմ, ես չեմ համարում, որ հայ ազգը դատապարտված է այսպես շարունակելու: Մեր ազգային կենսագրության մեջ կան որոշ ելևէջներ, վերիվայրումներ, բայց այն ժողովուրդը, որ Ցեղասպանությունից 3 տարի անց կամա-ակամա առաջին հանրապետություն կերտեց, այն երկիրը, որ Խորհրդային Միության վերջին տարիներին զարթոնք տվեց արցախյան ազատամարտով, ինքը ամեն ինչի ունակ է: Եթե դուք ինձ հարցնում եք, թե բանաձևեք թվաբանությամբ, բանական կատեգորիաներով, թե ինչու պիտի լինի հիմա հատկապես, որ միասին տեսանք, թե անցած մայիսին որն էր իրականությունը, հարցը ճշգրիտ հարց է: Գիտեմ,  որ մեր ժողովրդի մեծամասնությունը նույն բանն է ասում, թե ինչ պետք է փոխվի:  Որպես առաջիկա թեկնածու, ընտրություններին մասնակից` ես իմ վրա եմ աշխատում, և միգուցե դուք ինձ պատասխան տաք` ես իմ մոտեցման մեջ ի՞նչ պետք է փոխեմ, հայ ժողովուրդը ի՞նչ պետք է լսի, մեր առաջիկա 3 քայլերը որո՞նք պիտի լինեն, որ այդ օրը լիազորված իրավունքով, ինքնավստահությամբ շարքային հայաստանցին, հայ մարդը «ոչ» ասի վախին, սպառնալիքին, ակնարկին, նամյոկին, փողին  և այլն: Եվ հասկանա, որ եթե ինքը մերժի այդ 20 հազարը, միգուցե իրավունքի երկիր կերտելով` մի տարվա ընթացքում այդ 20 հազարը դառնա 200 հազար: Ես վստահ եմ, որ անգամ եթե հին մեխանիզմները փորձեն իրացնել` ադմինիստրատիվ ռեսուրս, վախ, ցուցակներ, բազմակի քվեարկություն, բացակա 100 հազարների փոխարեն քվեարկություն և այլն, անգամ եթե տղամարդկություն և ճշմարտասիրություն և սահմանադրականություն չունեն այդ բանը այս անգամ չանելու, անգամ այդ դեպքում ես կարծում եմ, որ շարքային քաղաքացին պիտի լինի այդ օրը այն վիճակում` քաղաքացիական, հոգեբանական ինքնավստահության, որ պիտի լրիվ ուրիշ կերպ իրեն դրսևորի:

– Ամեն դեպքում, արդյոք Ձեր առաջադրմամբ չե՞ք լեգիտիմացնում ներկայիս իշխանությունների վերարտադրությունը:

– Համաձայն չեմ: Ամեն մեկը դիրքորոշվելու հնարավորություն ունի: Իմ մոտ համոզմունք է, որ այսպես մեր պետական ընթացքը հասնելու է փակուղի: Ամենահեշտ ճանապարհը շատերի համար տանը նստելն է, ասել, որ 20 տարի մենք չենք ունեցել նորմալ ընտրություններ, ինչ ուզում են, թող անեն, և իրենք  են, միևնույն ուժը, միևնույն կուսակցապետությունը պիտի լինի: Ես մերժում եմ դա: Այն մարդը, որ չմասնակցի, իր քվեն չբերի իր անվան դիմաց, ինքն է լեգիտիմացնում, իմ կարծիքով, այս իշխանության վերարտադրումը:

– Անձամբ Դուք ի՞նչ մեխանիզմեր եք կիրառելու ընտրակեղծիքների դեմ:

– Մշտական և համապարփակ ներկայություն բոլոր ընտրատեղամասերում և ոչ միայն «Ժառանգության» հավատավորների, հենց ձեր` սրտացավ քաղաքացիների ներկայության միջոցով և օգնությամբ: Որովհետև սա, իմ կարծիքով, համահայկական խնդիր է, ինչպես որ Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը, Արցախի տարածքային ամբողջականության ճանաչումը.  այս բոլորը համահայկական խնդիրներ են, բայց նվազ համահայկական չէ մեր երկրում ունենալ ժողովրդին պատկանող ընտրություն և երկիր:  Սա հիմքն է, էն մյուսը` արտաքինը չի լինի, եթե այդ հիմքը չլինի: Եվ դրա համար մենք հիմա հիվանդ վիճակում ենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս