Աբովյանի դիահերձարանում այդ տեսարանն ունենք, որովհետև մարդուն փոխելը հեշտ գործ չէ, մտածողության խնդիր է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ վերջերս տարածված  լուսանկարներին ու տեսանյութին, որոնցում ներկայացված էր, թե Աբովյանի դիահերձարանի նկուղում ինչ պայմաններում էին ամիսներ շարունակ պահվել 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիերն ու մասունքները.

«Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականատես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը, և ֆունդամենտալ հարցը, որ, կարծում եմ՝ պետք է պատասխան ստանա, հետևյալն է՝ արդյո՞ք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ: Այս հարցի պատասխանը գտնելու համար ես նախ կուզենամ առողջապահության նախարարը՝ տիկին Ավանեսյանը, ներկայացնի, թե ոլորտում 2018թ.-ից ի վեր ինչ է տեղի ունեցել, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ աշխատանքներ են արվել»:

Եվ առողջապահության նախարարարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբան Անահիտ Ավանեսյանը սկսեց ներկայացնել նախապես պատրաստած տեքստը՝ փորձելով ցույց տալ, թե վերջին երեք տարիներին ինչեր է արել գործող իշխանությունը՝ մեղմելու վերջին օրերին տեսածի հետևանքով հանրության ստացած շոկը, զայրույթն ու ապրումները:

Նախարարի պաշտոնակատարը հերթով սկսեց թվարկել, թե ինչ է եղել  և ինչ է փոխվել ոլորտում, որ «մինչև 2018թ.-ը Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող Դատաբժշկական գիտագործնական կենտրոն ունեցել է միայն Երևանի դիահերձարանը»՝ մաշված սառնարանային կարողություններով ու առանց մարզային մասնաճյուղերի: Ըստ Ավանեսյանի՝ 2018-ից սկսել են մասնաճյուղերի նախագծումը, հիմնումը, ինչպես նաև անդրադարձել են մասնագետների խնդրին, նրանց աշխատավարձի բարձրացման հարցին:

Նախարարի պաշտոնակատարի ներկայացրած տվյալներն էլ հիմք դարձան Փաշինյանի համար, որպեսզի պատասխանի Կառավարության հերթական նիստում իր իսկ բարձրացրած հարցին՝  իհարկե, բացառելով Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցածին կառավարության և մասնավորապես Առողջապահության նախարարության պատասխանատվությունը:

«Ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունենք այն տեսարանը, ունեցել ենք այն տեսարանը, որը ունենք, որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ, որովհետև էստեղ կարևորը մտածողության խնդիրն է: Այսինքն կառավարությունը… տեսեք՝ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի համակարգ ընդհանրապես գոյություն չի ունեցել 18թ.-ից առաջ: Եվ մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը: Սեգվենատրը, առաջին սեգվենատրը, որով արվում են ԴՆԹ հետազոտությունները, 18թ. մայիսից առաջ ՀՀ-ում ընդհանրապես էդպիսի սարք գոյություն չի ունեցել: Այսինքն՝ ՀՀ-ում ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորություն գոյություն չի ունեցել: 18թ.-ից հետո, պատերազմից առաջ այդ սարքը, առաջին սարքը արդեն եղել է, երկրորդը ձեռք ենք բերել պատերազմից հետո, երբ որ հասկանալի ա դարձել, որ մենք ծավալները պիտի կարողանանք ապահովել: Եվ սա ա ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: Այ, երբ որ համակարգերում, էլի եմ ասում՝ ես հիշում եմ՝ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում… հիմա տվյալ դեպքում այդ միջադեպի հետ առնչություն ունեցող՝ անմիջական, բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից, բայց երբ որ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, այդ թվում՝ առողջապահության համակարգերում, մենք տեսնում ենք ցույցեր, մենք տեսնում ենք բողոքներ, որ՝ «այ, մարդկանց աշխատանքից ազատում են»:

Ես հիշում եմ էն դեպքը, երբ որ մի առողջապահական հիմնարկում էդպիսի բարեփոխումների աշխատանք էր տեղի ունեցել, և ես, երբ որ հեռուստատեսային ռեպորտաժը տեսա, ուղղակի շշմեցի: Էդ առողջապահական հիմնարկի աշխատողները, կներեք արտահայտությանս, չստիկներով դուրս էին եկել փողոց, ցույց էին անում, հետո էդ նույն չստիկներով մտան ներս՝ հիվանդանոց՝ շարունակելու իրենց աշխատանքն առողջապահության ոլորտում:

Այսինքն, երբ որ մենք ասում ենք՝ բազմիցս՝ սա կրթական, էթիկական պարզ խնդիր է: Ի վերջո, Առողջապահության նախարարությունը կամ կառավարությունը, այո, կարող է սահմանել չափանիշներ, ստանդարտներ, բայց մարդու և մտածողության փոփոխությունը առանցքային խնդիր է: Երբ որ մենք աում ենք՝ չկա այնպիսի ոլորտ, որտեղ առանց կրթական փոփոխությունների կարելի է հասնել իրական փոփոխության, հենց սա նկատի ունենք:

Կներեք, տնից-տեղից հեռու, բայց երկար տարիներ Հայաստանում… այսինքն՝ էս վիճակագրությունը 18թ.-ից առաջ ցույց ա տալիս՝ Երևան քաղաքում եղել ա, կենտրոնական գիտագործնական կենտրոնում, կներեք, եղել ա ընդամենը 25 սառնարանային տեղ, որը ամենապատշաճ ժամանակակից պայմաններն են մարմինները պահելու համար: Բարեփոխումների հատվածում կենտրոնական հատվածում մոտ 10 անգամ ավելացվել է այդ տեղը: Սա է կառավարության վերաբերմունքը:

Իսկ թե, իսկ թե տեղերում շատ հաճախ ինչպիսի վերաբերմունքներ և արտահայտություններ են լինում, մենք դա գիտենք: Սա նշանակում ա, որ չի կարելի հանդուրժել ընդհանրապես բարեփոխումների ճանապարհին, բովանդակային փոփոխությունների ճանապարհին չի կարելի կանգնել և տրվել աղմուկներին, աղաղակներին: Պետք է գնալ, որակական հստակ ստանդարտներ սահմանելով՝ գնալ առաջ:

Բայց մյուս կողմից պետք է նաև նշեմ, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը 7 օր՝ առանց դադարի, ընդ որում՝ հասկանալի մեծ ճնշումների ներքո: Ես նկատի ունեմ հատկապես գենետիկական փորձաքննություններ իրականացնող աշխատողներին: Ճնշումների, այո՛, շատ հաճախ վիրավորանքների ներքո, և նրանք աշխատանքը նույնպես չի կարելի չգնահատել: Ընդ որում՝ էլի եմ ասում, 2018թ.-ից հետո էդպիսի աշխատանք ՀՀ-ում չէր լինի անել:

Եվ սա է իրողությունը, և մենք, այո՛, պետք է նաև այս դեպքից դասեր քաղենք, բայց մյուս կողմից՝ էլի եմ ասում՝ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարը գնալ, ամեն օր բոլոր տեղերը պտտվել, տեսնել՝ ով, ոնց է: Սա կրթության, մասնագիտական էթիկայի խնդիր է: Եվ հենց էս մասնագիտական էթիկան և կրթությունը նույնպես էս բարեփոխումների կարևոր մաս պետք է լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս