ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի օրակարգերը գագաթնաժողովից առաջ չեն համընկնում
Մոսկվայի եւ Վաշինգտոնի օրակարգերը նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպման նախաշեմին չեն համընկնում, սակայն Ռուսաստանը պատրաստ է արձագանքել Վաշինգտոնի կողմից բոլոր հարցադրումներին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի օրակարգերը չեն համընկնում: Բայց մենք ավանդաբար պատրաստ ենք արձագանքել ամերիկյան կողմի բոլոր հարցադրումներին: Ցավոք, հանդիպական պատրաստակամությունը անհամեմատ ավելի պակաս եւ հազվադեպ է դիտվում»,-մայիսի 31-ին ասել է Ռյաբկովը: Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե Մոսկվան պատրաստ է արդյոք առաջիկա գագաթնաժողովում քննարկել մարդու իրավունքները: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ կցանկանար այդ թեման քննարկել Պուտինի հետ:
«Ամերիկացիները պետք է ելնեն այն բանից, որ Մոսկվայից մի ամբողջ շարք ազդակներ,- ես այս դեպքում չեմ խոսում բարձր մակարդակի հանդիպման մասին, ես չգիտեմ, թե այն ինչպես կանցնի,- Մոսկվայից մի ամբողջ շարք ազդակներ անհարմարավետ կլինեն նրանց համար, այդ թվում՝ առաջիկա օրերին»,-ընդգծել է Ռյաբկովը: Պուտինի հետ Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնեւում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: