Բաժիններ՝

Հայաստանում հաշմանդամ է մանկական բնակչության 1 տոկոսը

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ այսօր անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ «Հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ լսումների հիմնական նպատակը գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից կատարված քայլեր են՝ հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության առումով և թե ինչպիսի թերություններ կան, որոնք որ պահանջում են թե՛ օրենսդրական դաշտի բարելավում և թե՛ ենթաօրենսդրական ակտերի ծրագրերի իրականացում:

«Հպարտությամբ կարող ենք ասել, որ բավականին մեծ աշխատանքներ են կատարվել, սակայն այսօր անելիքներ դեռ շատ կան»,- ասաց Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ Հայաստանում կան հաշմանդամ երեխաներ, որոնք նույնիսկ չեն կարողանում դպրոց հաճախել, նրանց մեծ մասը հաճախում են ինտեգրված հաստատություններ և զուրկ են հասարակության հետ շփումից:

«Պետությունը պարտավոր է ստեղծել համապատասխան պայմաններ բոլոր երեխաների համար, անկախ իրենց ֆիզիկական հնարավորություններից»,- ավելացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին փոխվել է վերաբերմունքը հաշմանդամ երեխաների կրթության իրավունքների առումով: «Այս ընթացքում որոշում ենք կայացրել անցնել համատարած ներառական կրթության, որպեսզի մինչև 2020թ. Հայաստանի յուրաքանչյուր դպրոց հնարավորություն ունենա ընդունել՝ յուրաքանչյուր դիմողի կրթական իրավունքի ապահովման համար համապատասխան պայմաններ ստեղծելով»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հայաստանում գործում են ինչպես ներառական, այնպես էլ հատուկ դպրոցներ, որոնցից ամբողջությամբ հրաժարվել ցավոք հնարավոր չէ: Որովհետև կան հիվանդությունների խմբեր, կան համապատասխան սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս բոլոր երեխաներին ապահովել ներառական կրթությամբ, սակայն ներառական կրթության անցնելով Հայաստանը հեղափոխական քայլ է կատարելու, որպեսզի յուրաքանչյուր երեխային մատուցի իրեն անհրաժեշտ և իր հնարավորություններին համապատասխան կրթություն:

Աշխատանքային խմբի անդամ Հեղինե Բիշարյանն էլ իր հերթին ավելացրեց, որ ներառական կրթության մասին օրենքի այս նոր նախագիծը հնարավորություն կտա արդիականացնելու այն խնդիրներն ու պահանջները, որոնք այսօր դրված են հաշմանդամների առջև: «Մենք պետք է կարողանաք արագ լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր հաշմանդամ երեխաների առջև: Նրանք պետք է հասարակության լիարժեք անդամ դառնան»:

Խորհրդարանական լսումները հնարավորություն կտան պատգամավորական աշխատանքային խմբին հետագայում առավել հիմնավորված և համակարգված նախաձեռնություններ իրականացնել և ի շահ երեխաների պաշտպանվածության բարեփոխումներ առաջարկելու համար, ինչպես նաև հաշմանդամության նկատմամբ վերաբերմունքը վերանայելու համար:

Նշենք, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված 8000 հաշմանդամ երեխա կա, որոնք ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում են ողջ մանկական բնակչության 1 տոկոսը: Չնայած բոլոր խնդիրներին Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում՝ մասնավորապես կրթության ոլորտում: Այսօր 1700 հաշմանդամ երեխա սովորում է մոտ 100 ներառական դպրոցներոմ, կան նաև 4 ցերեկային խնամքի կենտրոններ, որոնք գործում են Տավուշի մարզում և մասնագիտացված ծառայություններ են մատուցում շուրջ 600 հաշմանդամ երեխաների:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս