Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կվերսկսվի հունիսի 15-ից ոչ շուտ․ Bloomberg
Մոսկվա այցի ժամանակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին չի հաջողվել Ռուսաստանի իշխանություններին համոզել հունիսի 2-ին ամբողջ ծավալով վերսկսելու երկրների միջեւ ավիահաղորդակցությունը, բայց չվերթների կատարման արգելքը կարող է հանվել հունիսի 15-ին: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրքական պատվիրակության անդամներին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 17-ին Մոսկվա է ժամանել Թուրքիայի պատվիրակությունը՝ մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի եւ առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունայի գլխավորությամբ: Նրանք հավաքվել են Ռուսաստանի իշխանությունների հետ պայմանավորվել հունիսի 1-ից հետո թռիչքների սահմանափակումները չեղարկելու շուրջ:
Այցից հետո Քալինն ասել է, որ կողմերը պայմանավորվել են այն քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Ռուսաստանից թռիչքներն սկսելու համար, հաղորդում է Bloomberg-ը: Քալինը հավելել է, որ ավիահաղորդակցության կվերսկսման ժամկետները կորոշվեն մոտ ժամանակներս:
Բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաներից մեկը գործակալությանը հայտարարել է, որ թռիչքների արգելքը չի հանվի հունիսի 1-ին, եւ ավիահաղորդակցությունն սկսելու ամենավաղ ժամկետը կարող է լինել հունիսի 15-ը:
Էրսոյն իր հերթին հայտարարել է, որ «ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին թուրքական պատվիրակության խնդրանքը դրականորեն է գնահատվել ռուսաստանյան իշխանությունների կողմից, բայց պաշտոնյաները մի փոքր ժամանակ են խնդրել կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը գնահատելու եւ վերջնական որոշում ընդունելու համար»:
Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը սահմանափակել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով, տուրօպերատորներին արգելվել է այնտեղ ուղեգրեր վաճառել:
Մայիսի 17-ին փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի եւ Էրսոյի բանակցությունների արդյունքներով՝ Ռուսաստանի իշխանությունները որոշել են մասնագետների ուղարկել Թուրքիա՝ առողջարաններում համաճարակաբանական անվտանգության հետ կապված իրադրությունը եւ ավիահաղորդարկցության վերսկսման հեռանկարներն ուսումնասիրելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: