ԽՍՀՄ-ի կենդանացող ուրվականը՝ Հայաստանում

Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից Դուբլինում արված հայտարարությունը թեև գրեթե ուղղակիորեն առնչվում էր Հայաստանին, սակայն մեր քաղաքական շրջանակներում բավարար ուշադրության չարժանացավ:

Մինչդեռ Քլինթոնը խոսել էր մի աշխարհաքաղաքական նախագծի մասին, որին գրեթե բռնի կերպով Ռուսաստանը ցանկանում է մաս դարձնել նաև Հայաստանին: Հիլարի Քլինթոնը մասնավորապես հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հակազդել Ռուսաստանի` տնտեսական ինտեգրացիայի անվան տակ Խորհրդային Միության նոր տարբերակ ստեղծելու փորձին: «Մենք նկատում ենք որոշ քայլեր` տարածաշրջանի վերախորհրդայնացման ուղղությամբ: Իհարկե, այն հենց այդպես չի կոչվելու, այն կկոչվի Մաքսային միություն, Եվրասիական միություն կամ նման մի բան:

Բայց մենք գիտենք` որն է դրա նպատակը, և մենք փորձում ենք մշակել էֆեկտիվ միջոցներ` այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կասեցնելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Սա, առաջին հերթին, սառը ցնցուղ կարելի է համարել Հայաստանի այն պաշտոնյաների համար, ովքեր շարունակ հայտարարում են, թե Եվրասիական միության շրջանակներում իրականացվող գործընթացները և եվրաինտեգրացիան ոչ միայն չեն հակասում իրար, այլև փոխլրացնում են:

Մասնավորապես, այդ դիրքորոշումն է արտահայտում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, ի դեպ, հենց այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Փաստորեն, Քլինթոնի արտահայտած մոտեցման համաձայն, Հայաստանը փորձում է եվրաինտեգրացիայի հետ փոխլրացնել մի գործընթաց, որի իրական նպատակը վերախորհրդայնացումն է:

Այսպիսով, ՀՀ իշխանությունները կա՛մ պետք է ամերիկյան վարչակազմին համոզեն, որ Եվրասիական գործընթացների մեջ խորհրդայնացման վտանգ չկա (այսինքն` «սխալ հանեն» Հիլարի Քլինթոնին), կա՛մ ընդունեն, որ նպաստում են մի գործընթացի, որի նպատակը խորհրդայնացումը կամ ռուսական ծավալապաշտության նպատակների իրագործումն է` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Իշխանություններն, իհարկե, ո՛չ մեկը, ո՛չ մյուսն անելու համարձակություն չունեն: Բայց, եթե հայտարարությունների մակարդակով Հայաստանը դեռևս փորձում է «փոխլրացնել» այդ երկու` փոխբացառող գործընթացները, գործնական դաշտում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ավելի շատ խոսում են խորհրդայնացմանը դեռևս «տակից» ծառայելու մասին:

Մասնավորապես վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում մեր քաղաքական դաշտում հայտնվեցին նոր միավորներ, որոնք ոչ թե թաքնված, ենթատեքստերով, այլ ուղղակիորեն են հայտնում իրենց պատրաստակամությունը` ծառայելու Եվրասիական միության ստեղծման, այդպիսով՝ նաև խորհրդայնացման նպատակներին: Նոյեմբերին (ամիսը գուցե պատահականորեն չէր ընտրված) մի խումբ երիտասարդներ հայտարարեցին «Նոր Հայաստան» անունով կուսակցություն ստեղծելու մասին:

Հասարակությանն անհայտ այդ երիտասարդները հայտնի են միայն նրանով, որ ժամանակին ստեղծել են «Պուտին» ակումբը և նախաձեռնել են Եվրասիական միության կազմավորումը քարոզող մի շարք միջոցառումներ:

Դրանից մեկ-երկու շաբաթ անց հայտնվում է Ռոբերտ Ահարոնյան անուն-ազգանունով մեկը և ազդարարում «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժում սկսելու ու նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: «Սոցիալիստական գաղափարախոսության մոդելով պետք է ցույց տալ, որ Հայաստանում իսկական ընդդիմություն կա, որը սոցիալիզմ է կառուցելու, իսկ նախագահի պաշտոնը պետք է լուծարել ու ստեղծել խորհուրդներ»,- հայտարարում է սոցիալիստական շարժման սույն կոորդինատորը` ավելացնելով, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է ստեղծել ԽՍՀՄ-2:

«Նախագահական ընտրություններում ԽՍՀՄ-ի գովքով մոռացության են տալիս Սովետական Հայաստանը: Չկա Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, չկան նման ուժեր, որ մի պետությունում վաղվա օրվա մասին մտածեն»,- ասում է Ռոբերտ Ահարոնյանը:

Այդ նույն շարժման մամուլի քարտուղար Նարեկ Վարազդատյանն էլ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարում է. «Ներկայիս անկախ երկիրը մեզ ոչինչ չի տալիս, բացի զոհերից: Կոմունիստները իշխանությունը հանձնելիս զոհ չտվեցին: Այստեղ իշխանություն վերցնելու համար ամեն հինգ տարին մեկ տալիս ենք զոհեր: Ամեն ընտրությունների ժամանակ զոհ տալը նորմալ չի»:

Այս «ինքնաբուխ» սոցիալիստների կողքին իր մշտական ներկայությամբ գրեթե նույն գաղափարներն է արտահայտում Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Իհարկե, վերը նշված անհատներն ու միավորները քաղաքական դաշտում որևէ նշանակություն ու ազդեցություն չունեն, առաջին հայացքից՝ նրանց հայտարարություններին կարելի է վերաբերվել միայն ծիծաղով: Բայց տվյալ դեպքում խնդիրը ոչ թե այդ անձինք են, այլ այն, որ այսօր` նախագահական ընտրություններից առաջ, Հայաստանում հնչում են նման գաղափարներ:

Իր հերթին՝ վտանգը ոչ թե այդ գաղափարների հնչեցումն է, այլ այն, որ խորհրդային կարոտախտով տառապող այս միավորները` անհրաժեշտության դեպքում, «համապատասխան կառույցների» կողմից կարող են շատ արագ  «հեղինակություն ստանալ» և դառնալ «հանրության լայն շահերը ներկայացնող» քաղաքական ուժեր: Ռուսական ծառայությունները գոնե այդքանը կազմակերպելու հնարավորություններ ունեն:

Քլինթոնի` դիվանագիտության էթիկային ոչ այնքան հարիր որակումները բավական կոշտ  վկայում են Եվրասիական միության իրական նպատակների լրջության մասին: Դա նշանակում է, որ խորհրդայնացման ուղղությամբ ռուսական իշխանությունն «աշխատում է» համապատասխան պետությունների ղեկավարության կամ քաղաքական շրջանակների հետ:

Հասկանալի է, որ դեռևս անկախ պետությունների  ֆորմալ իշխանությունները չեն կարող բացահայտ, հրապարակային դաշտում խորհրդայնացման ուղղությամբ քայլեր իրականացնել` ինչն առաժմ փոխհատուցվում է շարժումների ու պուտինասեր երիտասարդների տարերային գործունեությամբ: Բայց, ըստ ամենայնի, Ռուսաստանին դա արդեն չի բավարարում, և նրանք «եվրասիական գոտու» երկրների իշխանություններից ավելի կոնկրետ գործողություններ են պահանջում:

Մասնավորապես, ինչպես մի քանի օր առաջ գրել էր «Հայկական Ժամանակը», դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» անվանմամբ ֆորումի շրջանակներում ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ ստորագրվել է փաստաթուղթ, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Ըստ նույն աղբյուրի, դրան հաջորդելու է 2013-ի հունվարին հուշագրի ստորագրումը, որով, ըստ էության, սկսվելու է ՀՀ-ի անդամակցությունը Եվրասիական միության կառույցներին: «Իշխող կուսակցությունները պատասխանատվություն են կրում Եվրասիական միության ստեղծման ուղղությամբ ինտեգրացիոն գործընթացների համար»,- փաստաթուղթը մեկնաբանելով՝ ասել է «Եդինայա Ռոսիայի» գլխավոր քարտուղարի տեղակալ, Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը:

Իհարկե, հանրապետականները Երևանում հերքել են, որ այդ փաստաթուղթը խորհրդայնացման նկրտումներ ունի` չհերքելով սակայն, որ ՀՀԿ-ն ստորագրել է դրա տակ:

Եվրասիական միություն անվանումով ռուսական նախագծի վտանգներն իրականում շատ ավելի լուրջ են, քան կարելի էր պատկերացնել մի քանի ամիս առաջ` երբ Վլադիմիր Պուտինն «ավետեց» իր այդ նախաձեռնության մասին: Կոնկրետ Հայաստանի համար դա կարող է հանգեցնել անգամ ինքնիշխանության կորստի: Ամենավտանգավորն այն է, որ այդ սպառնալիքը լղոզելու` ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականությունը կարող է հասցնել մի հանգրվանի, երբ արդեն ուշ կլինի հետ կանգնել վերախորհրդայնացումից:

Տեսանյութեր

Լրահոս