«ՀԱՊԿ գործող նախագահին ենք դիմել՝ սա է նախատեսված ընթացակարգը». ԱԽՔ մամուլի քարտուղար
Սյունիքում թշնամու վերջին սադրանքների համատեքստում մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը պաշտոնապես դիմելու է ՀԱՊԿ-ին։
Սակայն այսօր առավոտյան «Ռիա Նովստիին» կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել էր, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից դեռ որևէ փաստաթուղթ չի ստացել։
168.am-ը Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար Արամ Թարվերդյանից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին, ինչին ի պատասխան՝ մամուլի խոսնակն ասաց, որ այդ պահին մեկնաբանություն չունի, ավելի ուշ հարցը կմեկնաբանի։
Ավելի ուշ կրկին զանգահարեցինք Արամ Թարվերդյանին, և նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, այդ մասին հաղորդագրությունը զետեղված է նաև կառավարության պաշտոնական կայքում։
«ՀԱՊԿ դիմել ենք, ՀԱՊԿ գործող նախագահին ենք դիմել՝ սա է նախատեսված ընթացակարգը»,- եզրափակեց Արամ Թարվերդյանը։