Կանչում են գյուղապետերին, վախեցնում քրգործերով. կրկնում եմ՝ Փաշինյանին ձայն տվողն ունենալու է արժանապատվության դեֆիցիտ. Թագուհի Թովմասյան
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը վստահեցնում է՝ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հաղթանակի հասնելու համար որևէ քայլ չարած ու պարտված իշխանությունն այլևս չի՛ կարող մաքուր և թափանցիկ ընտրություններ անցկացնել, իսկ պարտված առաջնորդն առհասարակ բարոյական իրավունք չունի նորից պետության ղեկավար դառնալու մասին մտածել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների մասին, նման տեսակետ հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով.
«Այո՛, այլևս Հայաստանում երբեք չի՛ լինի նախկին ընտրությունների նման չկեղծված ընտրություն, սակայն, ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն ունակ է ընտրություն կեղծելու, այդ թվում և՝ հեղափոխական իշխանությունը։ Ավելին՝ մենք արդեն իսկ տեսնում ենք վարչական ռեսուրսի կիրառում։ Օրինակ, երբ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը պետության հաշվին թիկնազորով գնում է մարզեր, ի՞նչ է դա, եթե ոչ՝ վարչական ռեսուրսի կիրառում։ Կամ՝ երբ ընտրությունից առաջ 2 միլիարդից ավելի գումար են հատկացնում Հայաստանի 9 մարզերին, ի՞նչ է դա, եթե ոչ՝ վարչական ռեսուրսի կիրառում, հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ այդ գումարը մինչև ընտրությունները չէին հատկացնում մարզերին։ Բացի այս, մենք արդեն գիտենք, որ կանչում են գյուղապետերին, քաղաքապետերին, խնդրում, վախեցնում, համոզում, հիշեցնում նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը, իսկ համայնքի ղեկավարների 80 տոկոսի վրա կա հարուցված մի քանի քրեական գործ։ Այնպես որ, իշխանություններն այս ճանապարհով փորձելու են բոլոր հնարավոր օղակներին դարձնել վերահսկելի, և ասեմ՝ մեծապես հաջողվում է, իհարկե, կան որոշակի ըմբոստացումներ, մասնավորապես՝ Սյունիքում»։
Խոսելով սահմանային անվտանգության լրջագույն խնդիրներ ունեցող Սյունիքի մասին, համեմատական անցկացրեցինք Գեղարքունիքի մարզի հետ, որը ևս ունի սահմանային անվտանգության խնդիր՝ հանձնված Քարվաճառի պատճառով։
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ Սյունիքում մարդիկ ունեն էքզիստենցիալ վտանգ, ու այդ մարդիկ փակում են իրենց համայնքների դռները Փաշինյանի առաջ, բայց նույն էքզիստենցիալ վտանգն ունեցող Գեղարքունիքում Փաշինյանի ոտքերի տակ ոչխար են մորթում, իսկ ոմն մեկն էլ Փաշինյանին համեմատում է Անդրանիկի հետ։
«Ինձ համար տհաճ էր այդ միջադեպը, ինձ համար տարակուսելի է ու ցավալի է արձանագրել, որ կան մարդիկ, որոնք պարտված ղեկավարին կարող են շարունակել համարել իրենց ղեկավարը։ Եթե այս ընտրություններում Փաշինյանը նորից հաղթանակ տանի, դա նշանակում է, որ մենք ունենք ազգային արժանապատվության խնդիր, դա նոնսենս կլինի, որովհետև եթե մենք պարտված ղեկավարին նորից մեզ ղեկավար ենք ընտրում, դա նշանակում է, որ մենք ասում ենք՝ այո,՛ թող Շուշին էլ հանձնի, Սոթքն էլ հանձնի, միայն թե ինքը մնա մեզ ղեկավար։ Իսկ Փաշինյանին Անդրանիկի հետ համեմատող մարդիկ ունեն ցածր իրավագիտակցություն. Անդրանիկն իմանար՝ իրեն համեմատել են Փաշինյանի հետ, մի քանի անգամ շուռ կգար գերեզմանում։ Կրկնում եմ՝ ովքեր ձայն կտան Փաշինյանին, նրանք ունեն ազգային արժանապատվության դեֆիցիտ։ Չի՛ կարող իմ երկրի ղեկավարը լինել պարտված՝ անկախ պատճառներից»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ շեշտելով, որ պարտության պատճատներն էլ դեռ պետք է պարզվեն, որպեսզի ամոթը՝ որպես խարան, ողջ կյանքում մեզ չուղեկցի, ու մենք ինքներս մեզնից չամաչենք։
Հարցին՝ որպեսզի չամաչենք ինքներս մեզնից, մենք չպե՞տք է պարզենք, օրինակ, մեր հաղթանակների սիմվոլ Շուշին կորցրեցինք քաղաքական պայմանավորվածությա՞ն, թե՞ պարտադրվածության արդյունքում, Թագուհի Թովմասյանը պատասխանեց, որ իր համար ակնհայտ է, որ Շուշին կորցրեցինք և այս պատերազմում պարտություն կրեցինք իշխանության ապաշնորհության, անկազմակերպվածության պատճառով։
«Չեմ ուզում հավատալ, որ մենք այդքան գծագրված դավաճանական մղումներով էինք գնում առաջ, սակայն ուզում եմ փաստել, որ մենք որևէ բան չենք արել հաղթանակի հասնելու համար, փոխարենը՝ արել ենք բաներ, որոնք բերեցին հաղթանակի կորստին՝ սկսած բանակի բարոյահոգեբանական վիճակից, վերջացրած մեր հերոսների հեղինակազրկումով։ Այս իշխանությունը բանակն ընկալում էր՝ որպես թալանչիների միություն, իհարկե՝ հուլիսյան մարտերի ժամանակ ասում էր՝ տարածաշրջանում մեր բանակն ամենամարտունակն է, մի փոքր բլուր գրավելու ժամանակ էլ չէր հիշում 80-ականների զենքի մասին, բայց այս պարտությունից հետո պարզվեց՝ նախկինների բանակն է պարտության պատճառը։ Հիմա ես առաջարկում եմ, որպեսզի այս խորհրդարանը պատմության մեջ չմնա Արցախը հանձնած խորհրդարան, գոնե ընդունի մեր նախաձեռնությունը, որ Արցախի ապագան պետք է լինի դեօկուպացված, անկախ, 1992 թվականին ընդունված սահմաններով, և բոլոր կողմերը պետք է հարգեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում