«Կոչ ենք անում մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ». «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդների կոչը միջազգային հանրությանը
Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի (ՀՀԿ, «Հայրենիք») երիտասարդները բաց նամակներ են հանձնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանատներին և ՄԱԿ-ի գրասենյակին: «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ԱՄՆ դեսպանատան առջև ընթերցեց իրենց ուղերձը՝ ուղղված միջազգային հանրության գլխավոր դերակատարներին:
«Դուք՝ որպես աշխարհում միջազգային հանրության ձայնը և խիղճը ներկայացնող միջազգային կառույցներ, ունեք աշխարհի բոլոր ազգերի նկատմամբ պատերազմական հանցագործություններն ու ցեղասպանական գործողությունները կանխելու բացառիկ առաքելություն: 76 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը միահամուռ ջանքերով ջախջախեց ֆաշիզմը, և թվում էր, թե այսուհետ թույլ չի տա որևէ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության և վայրագությունների կրկնություն, թերևս, նաև այդ նպատակով ստեղծվեցին հայտնի միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, և այլն, սակայն 20-րդ դարի ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը 21-րդ դարում առաջադեմ մարդկության աչքի առաջ, նույնիսկ առցանց ռեժիմով, մարդասպան ԱԹՍ-ների կիրառմամբ հերթական անգամ դարձավ իր ագրեսիվ հարևանների ցեղասպանական նկրտումների զոհը, իսկ միջազգային հանրությունը հերթական անգամ չկարողացավ կանխել մարդկային ողբերգությունը, ձախողեց պատշաճ արձագանքել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության երկրորդ փորձին»,- գրված է նամակում:
Միջազգային կառույցներին և դեսպանատներին ուղղված նամակում նշված է նաև ադրբեջանցիների կողմից հայ գերիներին խոշտանգելու և սպանելու, հայկական պատմական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու, ինչպես նաև Բաքվի կենտրոնում բացված առգրավված հայկական զինտեխնիկայի արդեն հայտնի «պուրակի» մասին:
«Ձեր լռությունն այս անգամ ավելի ողբերգական հետևանքներ է ունենալու, անպատժելիության մթնոլորտն Ադրբեջանին և Թուրքիային հնարավորություն է տալու ավարտին հասցնել հայ ժողովրդին ցեղասպանելու և վերջնականապես հայրենազրկելու իրենց հրեշավոր ծրագիրը: Դեռևս դա հնարավոր է կանխել: Կոչ ենք անում կանխել ցեղասպանությունը, դատապարտել մարդկության դեմ հանցագործությունները և վերականգնել պատմական արդարությունը՝ խուսափելու համար ավելի մեծ համամարդկային աղետից: Որպես առաջնահերթ և կարևոր քայլեր՝ կոչ ենք անում մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, ստիպելով, որ վերջինս անհապաղ ազատ արձակի բոլոր գերեվարված անձանց, ստեղծել պատերազմական հանցագործությունները և հանգամանքները քննելու գործուն մեխանիզմներ, ճանաչել Արցախի անկախությունը, հստակ գնահատական տալ խաղաղ բնակչության նկատմամբ մարդասպան ռոբոտների կիրառման պրակտիկային, կանխել Արցախում մշակութային ցեղասպանությունը:
Համամարդկային խոշորագույն աղետները, այդ թվում՝ առաջին և երկրորդ Համաշխարհային պատերազմները, սկսվել են փոքր ազգերի և ժողովուրդների նկատմամբ անարդարությունից և միջազգային հանրության կողմից դրա անտեսումից: Էրդողանն ու Ալիևը ունեն բոլոր հնարավորությունները դառնալու 21-րդ դարի Հիտլերն ու Մուսոլինին, և եթե նրանց չկանգնեցնի միջազգային հանրության միասնական բռունցքը, դա կնշանակի, որ մենք դասեր չենք քաղել Երկրորդ համաշխարհային պատերազմից»,- գրված է նամակում:
Երիտասարդները նամակը հանձնեցին դեսպանատան ներկայացուցչին: Սոս Հակոբյանն ասաց, որ օրն ամփոփելու են Կառավարության առջև ակցիայով: