Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզային ոստիկանությունը՝ «Գավառ» բ/կ-ի տարածքում. արգելում են աշխատակիցներին գալ Երևան

168.am-ի տեղեկություններով` այս պահին խիստ լարված իրավիճակ է «Գավառ» բ/կ-ի մոտ։ Մարզային ոստիկանության ողջ կազմը լծված է բժշկական կենտրոնի աշխատակիցներին շենքում պահելու գործին։

Բանն այն է, որ բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում հաղթել է գործող տնօրեն Աշոտ Կարապետյանը, սակայն տնօրեն է նշանակվել ծագումով գավառցի, բայց այնտեղ չբնակվող, կենտրոնի աշխատակիցների ու բժիշկների համար խիստ անցանկալի մեկը։

Մեզ հետ կապ հաստատած բուժաշխատողների խոսքով` մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն է հրավիրել «Գավառ» բ/կ շենքում՝ փորձելով համոզել ընդունել նոր տնօրենին, սակայն ապարդյուն։

Մեզ փոխանցեցին, որ խորհրդակցությանը հաջորդել է ոստիկանության մարզային վարչության պետի՝ աշխատակիցներին ոստիկանություն հրավիրելու գործընթացը։ Նրան մերժել են, ու հիմա Գեղարքունիքի մարզի ոստիկանները մարզային վարչության պետի գլխավորությամբ եկել են բժշկական կենտրոն, որպեսզի թույլ չտան աշխատակիցներին գալ Երևան և իրենց բողոքի ձայնը բարձրացնել կառավարության շենքի մոտ։

Ի դեպ, երբ Նորադուզի հայտնի դեպքերի ժամանակ սպանություններ եղան, բոլորը, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ, ներկայումս ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը և մարզպետը, թաքնվել էին հիվանդանոցի տարբեր տեղերում, որպեսզի իրենց չգտնեն, իսկ Աշոտ Կարապետյանը նույն այդ պահին վիրահատություն էր անում ու մարդու կյանք փրկում։

«17 տարի 24-ժամյա ռեժիմով այդ մարդը ծառայել է գավառցիներին, ու հիմա նման վերաբերմո՞ւնք»,- վրդովված նշեցին բժշկական կենտրոնի աշխատակիցները։

168․am–ը հետևում է իրադարձությունների զարգացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս