Ստեփանակերտի հրապարակում տեղադրված պատվո տախտակի տեղահանման լուրը իրականությանը չի համապատասխանում. փոխքաղաքապետ
Հանրության շրջանում վերջերս շրջանառվող այն լուրը, թե իբր Ստեփանակերտի քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում տեղադրված Արցախյան երրորդ պատերազմի զոհերի լուսանկարների պատվո տախտակը մոտ օրերս տեղահանել, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը՝ պատասխանելով մեր կողմից բարձրացված վերոնշյալ հարցին:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող «Բնակշահագործման տնտեսություն» ՓԲ ընկերության աշխատակիցները վերահսկողություն են իրականացնում պատվո տախտակի տարածքում, և եթե լինում են դեպքեր, որ նկարները պոկվում կամ կեղտոտվում է տարածքը, ապա անհրաժեշտ խնամք են իրականացնում: