Ինչո՞վ էր կարևոր Արմեն Սարգսյանի այցը Սյունիք

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելիքյանը, անդրադառնալով դեսպանի և հանրապետության նախագահի այցին Սյունիք, նշեց, որ սխալ է այդ այցերն իրար հետ կապելը, ինչն արվեց որոշ ԶԼՄ-ներում։

Ըստ Մելիքյանի՝ դեսպանը Սյունիքում է եղել իր օրակարգով,  իսկ ՀՀ նախագահն Արման Թաթոյանի հետ ունեին իրենց՝ ավելի վաղ պլանավորած օրակարգը։

«ԱրմանԹաթոյանի հետ այս այցը շատ ավելի վաղ էր պլանավորված, պարզապես նախագահի առողջական խնդիրների պատճառով հետաձգվեց և հիմա կայացավ։ Արմեն Սարգսյանի և դեսպանի այցերը պետք չէ որևէ ձևով կապել իրար հետ։ Այցի նպատակը մեկն էր՝ հասկանալ Սյունիքի մարզի առաջ ծառացած խնդիրները, և ասեմ՝  պատկերը բավականին տխուր է։ Սյունիքում մարդիկ ունեն խնդիրներ՝ սկսած անվտանգային հարցերից,  վերջացած սոցիալ-տնտեսական հարցերով, կորցրած  արոտավայրերի խնդրով։ Մարդիկ վարկեր են վերցրել ու հիմա չգիտեն, թե ինչպես պետք է այդ վարկերը փակեն»,- ասաց Գևորգ Մելիքյանը՝ նշելով, որ ուշագրավ է, որ այսքան խնդրով հանդերձ՝ սյունեցիները չգիտեն, թե դրանցից որի լուծման հարցով ում կարող են դիմել։

Գևորգ Մելիքյանը ընդգծեց, որ այս խնդիրները  բերել են նաև մարդկանց շրջանում հոգեբանության փոփոխության, ու հենց նման բացասական փոփոխությունը կանխելու համար էր նաև, որ Արմեն Սարգսյանը հանդիպումների ժամանակ շեշտեց, որ պետք է գտնել համայնքները ծաղկուն դարձնելու եղանակները, որպեսզի մարդիկ չլքեն իրենց բնակավայրերը։

«Սյունիքի խնդիրներն անդրադառնում են մարդկանց հոգեբանության վրա։ Դրա համար է նախագահը շեշտել, որ Սյունիքը պետք է դարձնել ծաղկուն մի վայր։ Ի դեպ՝ այդ նույն միտքը նախագահը հնչեցրել էր Արցախի պարագայում, եթե մենք Արցախը վերաբնակեցնեինք ու մի քանի անգամ ավելացնեինք մարդկանց քանակը, մենք այլ պատկեր կունենայինք։ Հիմա մենք պետք է նույն խնդիրը չանենք Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի պարագայում»,- ասաց նա։

Ըստ Մելիքյանի՝ պետք է հստակ պետական մոտեցում, ոչ թե ռազմահայրենասիրական տեքստեր։

«Տներ կան, որտեղ կինը քնում է մինչև ժամը 3-ը, երեքից հետո՝ ամուսինը, որովհետև մարդիկ խնդիր ունեն, արդյո՞ք մարդիկ այդտեղ կապրեն, երեխաներ կունենան, արդյո՞ք նրանք իրենց բնակարաններից չեն գնա, ինչն ուրախությամբ կդիտեն մեր թշնամի պետությունները»,- ասաց նա։

Մելիքյանի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանի այցը Սյունիք կարևոր էր նաև նրանով, որ հանդիպումներ ունեցավ Սյունիքի համայնքի ղեկավարների հետ, որովհետև, թեև թվում է, որ նրանց հետ անընդհատ խոսում են, սակայն դա այդքան էլ այնպես չէ։

«Համայնքների ղեկավարների հետ խոսելը կարևոր էր, չեմ կարծում, որ նրանց հետ անընդհատ խոսում են, թեև նման տպավորություն կա, բայց դա այդքան էլ այդպես չէ»,- ասաց նա։

Հարցին՝ Սահմանադրությամբ հանրապետության նախագահին տրված լիազորությունները հնարավորություն  տալի՞ս են Սյունիքում առկա խնդիրները լուծել, ի՞նչ կարող է անել նախագահ Արմեն Սարգսյանը հավաքած տեղեկությունների հիման վրա, ինչո՞վ կարող է աջակցել սյունեցուն, ինչպե՞ս կարող է ապահովել նրա անվտանգությունը, նախագահի օգնականը պատասխանեց.

«Պետք է ներկայացվեն կառավարությանը, պատգամավորական խմբերին։ Հանրապետության նախագահը ներկայացնում է խնդիրները և հորդորում, որ դրանք լուծումներ ստանան։ Ինչ վերաբերում է անձամբ նախագահի կողմից ներդրված ջանքերին, ապա այո, բարեգործական աջակցությունն ուրիշ է, և  նախագահի հորդորով շատ-շատերը  տարբեր ծրագրերի համար գումարներ են ներդրել, «Հայաստան» համահայկական հիմնադրամին ևս փոխանցումներ են արվել, բայց այստեղ պետք է պետական երաշխիք, որպեսզի ներդրումները հասնեն Սյունիք։ Եթե նեդրողը պետության կողմից երաշխիք չունենա, ապա արդյո՞ք կգա Սյունիք։ Մյուս կողմից՝ Սյունիքը հիմա ամենակարևոր կետերից մեկն է ու ամենամեծ ուշադության կարիքն ունի, բայց մենք ունենք շատ այլ սահմանամերձ համայնքներ ևս, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ»,- ասաց Մելիքյանը՝ շեշտելով, որ խնդիրներին լուծումներ տվողը պետք է լինի ՀՀ կառավարությունը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս