Բաժիններ՝

Ոչ միայն առաստաղը, այլև հատակն է խնդիր. Եթե երեխան փորձի մի քիչ ուժեղ թռվռալ՝ անմիջապես կհայտնվի փոսում. Հայանիստի դպրոցի տնօրեն

Օրերս գրել էինք, որ  Արարատի մարզի Հայանիստ համայնքի դպրոցը, մանկապարտեզը, բուժամբուլատորիան և մի շարք բնակիչների տներ ապրիլի 10-ի ուժեղ քամուց տուժել են, որոշները վթարային են դարձել:

Դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք երեխաները դպրոց հաճախո՞ւմ են, թե՞ ոչ, և արդեն որևէ որոշում ընդունվե՞լ է՝ կապված  հիմնանորոգման հետ:

«Դասերը երկհերթ ենք անցկացնում, սակայն, երբ դեպքը նոր էր եղել, փորձեցինք հեռավար անցկացնել, խնդիր առաջացավ, որովհետև ամբողջ համայնքում ինտերնետի լարերը պոկվել էին, հոսանք չկար, հետևաբար՝ տեխնիկա միացնելու հնարավորություն՝ ևս, դրա համար որոշեցինք դասերը երկհերթ անցկացնել: Հիմա երկու հերթով երեխաները հաճախում են դպրոց, բայց երեկ կրկին քամուց տանիքի մնացած այդ հատվածներից բեկորներ են ընկել: Ու դեռևս հստակ որևէ պատասխան չունենք: Ամեն դեպքում, իմ կարծիքով՝ դպրոցը հիմնանորոգման կարիք չունի, որովհետև ամբողջությամբ վթարային է, և նոր դպրոց է պետք, չնայած երկու որոշման հետ էլ համաձայն կլինենք՝ կարող են և՛ հիմնանորոգել, և՛ նորը կառուցել: Սպասում ենք մարզպետարանի արձագանքին, որից հետո կդիմենք Տարածքային կառավարման վարչություն, վարչապետին»,- պատասխանեց Արմինե Ավետիսյանը:

Դպրոցի տնօրենն ընդգծեց՝ տարեվերջն է մոտենում, և իրենք ամեն գնով պայքարում են, որ տարին ավարտեն հաջողությամբ, իսկ մինչև նոր ուսումնական տարին, լիահույս է, որ դպրոցի հարցը կլուծվի:

«Երեք մասնաշենք է, երեքն էլ լրիվ հին են: Ոչ միայն առաստաղը, այլև հատակն է խնդիր: Երեխան, եթե փորձի մի քիչ ուժեղ թռվռալ՝ անմիջապես կհայտնվի փոսում: Փայտե հատակ է, բայց դրա տակ 1 մետր 20 սմ խորություն ունի, ու եթե, Աստված չանի, կոտրվի, հաստատ երեխան վնասվածք կստանա: Ընդհանրապես դպրոցում վերանորոգում չի իրականացվել, մասամբ տանիքն էր փոխվել, որն էլ քամին տարավ»,- նշեց Արմինե Ավետիսյանը:

Հավելենք, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1971թ. և դրանից հետո ընդհանրապես կապիտալ վերանորոգման չի ենթարկվել:

Լուսանկարները՝ «Հետք»-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս