«Նիկոլ Փաշինյանը Էրդողանի և Ալիևի դրածոն է, իրենք պետք է Կառավարության նիստերին ֆեսերով նստեն». Նարեկ Մալյան
«Ոստիկաններին կոչ կանեմ, որ նախ՝ տղամարդ լինեն, հետո նոր՝ ոստիկան: Այսօր տեսանք, որ տղամարդկության գործոնը, կարծես թե, գոյություն չունի մարդկանց մոտ». Ոստիկանության կենտրոնի բաժնի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով այսօր Կառավարության առջևից կանանց բռնի ուժով բերման ենթարկելու ոստիկանության գործողություններին: Հիշեցնենք, որ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կանայք այսօր ակցիա էին կազմակերպել՝ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի պահանջով, երթով եկել էին գործադիրի շենք և ցանկանում էին ներս մտնել՝ կառավարության անդամներին թուրքական ֆեսեր տալու համար:
«Աղջիկները թուրքական ֆեսը վերցրել էին, ուզում էին տանեին հագցնեին իշխանությունների գլխին: Զարմանում եմ, թե ի՞նչն է խնդիրը, եթե իրենք արդեն անթաքույց թուրքական օրակարգ են սպասարկում, էդ ֆեսից տենց վա՞տ են զգում, վատ թող զգան, որ Ալիևը կոշիկները մաքրում է Նիկոլ Փաշինյանի դեմքին, այ դրանից թող վատ զգան, ոչ թե ֆեսից: Արդեն բացահայտ, «ափաշքյարա» թուրքերի օրակարգ են սպասարկում, չեն թաքցնում իրենք, հիմա ի՞նչ, էդ ֆեսը տենց նեղություն պատճառե՞ց իրենց, թող ֆեսը դնեն գլխներին, Կառավարության նիստերն էդ ֆեսերով անեն, մենք էլ իմանանք՝ թուրքերն եկել-գրավել են էս երկիրը, ու համապատասխան կերպով մեր որոշումը կայացնենք՝ կամ հանում ռադ ենք անում էս թուրքերին մեր երկրից, կամ էլ մարդիկ կան, ովքեր համակերպվել են, որ թուրքը լավ ա, նորմալ ա, թող ապրեն էդ թուրքերի իշխանության տակ, մյուս մասն էլ թող արտագաղթի: Արդեն թաքուն բան չկա, եթե մեկ-երկու տարի առաջ ընկնում էինք, ապացույցներ էինք ման գալիս, որ սրանք թուրքի բերածն են, հիմա իրանք ընդունում են արդեն, «ափաշքյարա» նստել՝ թուրքի օրակարգ են առաջ տանում»,- ասաց Մալյանը:
Հարցին, որ վարկած է շրջանառվում, թե միգուցե այս կերպ Նիկոլ Փաշինյանը փորձում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Մալյանն արձագանքեց.
«Էդ խաղաղությանը 5000 երեխեքն էին խանգարում, թող մի տարի առաջ հաստատեին, եթե հաստատող էին, 5000 հոգի գնացին, բայրաքթարների տակ տարան կոտորեցին, որ էսօր խաղաղություն հաստատե՞ն, Եռաբլուրում պառկած երեխեքն էին խանգարո՞ւմ խաղաղությանը, դա՞ էր միակ խանգարող հանգամանքը, վիրավորնե՞րն էին խանգարում»:
Նարեկ Մալյանի կարծիքով՝ մեր մյուս բոլոր ղեկավարներն Արցախյան հարցի կարգավորման մասին իրենց պատկերացումներն ազնվորեն ներկայացրել են, իսկ գործող իշխանությունը՝ ոչ:
«Եթե էս իշխանությունը ազնիվ լիներ, հայ լիներ, ոչ թե թուրք, եթե եկել էր հողերը տալու համար, մի տարի առաջ թող բացահայտ այդ պրոցեսը տաներ, ժողովուրդն էլ իր վերաբերմունքն արտահայտեր, ոչ թե պատերազմ սարքեին, երեխեքին տանեին մսաղաց, վերջում էլ ասեին՝ խաղաղություն: Իրենց բերել են թուրքերը, որ իրենք այստեղ թուրքական օրակարգ իրականացնեն, Նիկոլ Փաշինյանը Էրդողանի և Ալիևի դրածոն է Հայաստանում, իրենք պետք է Կառավարության նիստերին ֆեսերով նստեն, որ պատկերը լրիվ ու ամբողջական լինի»,- ասաց Մալյանը:
Նա նաև հայտնեց, որ իր տվյալներով՝ մոտ 30 բերման ենթարկված կին կա քաղաքի տարբեր բաժիններում: