«Այսօրվա ակցիան խորհրդանշական է, թուրքական ֆեսը պատրաստվում ենք տեղադրել թուրք իշխանությունների գլխին և վռնդել նրանց մեր կյանքից». Փաշինյանի հրաժարականը պահանջող կանանց բռնի ուժով բերման են ենթարկում
Այսօր ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կանայք երթ էին կազմակերպել դեպի Կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Նրանք իրենց միանալու կոչ էին տարածել, որում ասված էր, որ «ապրիլի 7-ին կանանցով Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվելու ենք դեպի կառավարության շենք՝ դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին և իր թրքահպատակ խմբակին»:
«Հազարավոր հաշմանդամների սոցիալական, հոգեբանական խնդիրների ծանրությունը մնացել է հայ կանանց և մայրերի ուսերին: Որդեկորույս մայրերը զրկված են իրենց զավակների մահվան իրական հանգամանքներն իմանալու, իսկ նրանցից շատերը՝ անգամ նրանց մարմինները հողին հանձնելու հնարավորությունից: Հատկապես ծանր վիճակում են հայտնվել անհետ կորածների և գերիների մայրերն ու կանայք: Անորոշությունն այն աստիճանի է հասել, որ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին անտառներում ու սարերում փնտրող մայրերը երազում են գոնե զավակների դիակները գտնել՝ չիմանալով անգամ՝ ո՞ղջ են նրանք, գտնվում են գերության մե՞ջ, թե՞ զոհված: Իսկ գերության մեջ գտնվողների մայրերն ամիսներ շարունակ մղձավանջ են ապրում՝ սպասելով իրենց զավակների վերադարձին: Ակնհայտ է, որ այս ամենը հետևանք է կապիտուլյանտ իշխանության դավաճանության և հանցավոր անգործության: Սա բավարար չէ՝ նրանք շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներին՝ անամոթաբար շահարկելով հայ մայրերի վիշտն ու ցավը»,- գրված էր հաղորդագրության մեջ:
Երթից առաջ լրագրողների հետ զրույցում ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանն ասաց, որ իրենց վերջնանպատակը «կապիտուլյանտ իշխանության» հեռացումն է:
«Այսօրվա ակցիան խորհրդանշական է, թուրքական ֆեսը պատրաստվում ենք տեղադրել թուրք իշխանությունների գլխին և վռնդել նրանց մեր կյանքից ու մեր երկրից, քանի որ Հայաստանի ապագան և այս իշխանության գոյությունն այլևս անհամատեղելի են»,- ասաց Հակոբյանը:
Մինչև կանայք երթով կհասնեին Կառավարություն, այնտեղ արդեն ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կուտակվել: Ցուցարարները փորձ արեցին մտնել շենք, սակայն նրանց թույլ չտվեցին: Կանայք ձվեր նետեցին շենքի վրա:
Որոշ ժամանակ անց ոստիկանները սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել կին ցուցարարներին: