Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի Նոր տարին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։
Այս հինավուրց տոնը, որը խորհրդանշում է բնության վերածնունդը, թող առողջություն ու երջանկություն բերի բարեկամ ասորիների ընտանիքներին:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունենան իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն:
Մաղթում եմ, որ հայաստանյան համայնքը, որն աշխարհասփյուռ ասորիների մի հատվածն է, շարունակի պահպանել ու զարգացնել իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը»,- ասված է շնորհավորական ուղերձում։