«Թող ժամանակը ցույց տա, թե ով կհաղթի, բայց ես վստահեցնում եմ, որ դեռ շատ անակնկալներ են սպասվում». «Սանիթեք»-ի ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլ
Տարիներ շարունակ Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան. տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից:
«Սանիթեք»-ը հայտնում է, որ կրած վնասները, ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների և բացթողումների արդյունքում, գերազանցում են 25 միլիոն ԱՄՆ դոլարը:
Հիշեցնենք` «Սանիթեքն» արբիտրաժային դատարան դիմելու մտադրությունների մասին հայտնել էր դեռ 2019 թվականին: Հենց այդ ժամանակ 168.am-ն առիթ ունեցել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվելու՝ արդյո՞ք Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի այն, որ «Սանիթեք»-ը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ «Սանիթեքը» խոշոր ներդրող է:
Հայկ Մարությանը պատասխանել էր. «Ընդհանրապես չի հարվածի ՀՀ վարկանիշին, որովհետև խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է և լավ աշխատանք է կատարել: Մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեքը» պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: Ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «Սանիթեք» ընկերության հետ, կապված նախ՝ պետության հանդեպ պարտավորությունների հետ, որովհետև հարկային խնդիրներ ունի»:
Մեկ այլ առիթով էլ քաղաքապետը նկատել էր. «Մենք ընդհանրապես ոչ մի մտավախություն չունենք՝ կապված արբիտրաժի հետ»:
Այս օրերին ևս քաղաքապետարանից հնչում են վստահեցումներ՝ «մենք պատրաստ ենք այդ գործին»:
Թեմայի առնչությամբ 168.am-ը հարցադրումներ է հղել «Սանիթեք» ընկերության ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլին.
– Ինչպե՞ս եք գնահատում շանսերը միջազգային արբիտրաժային դատարանում:
– Մենք հայցի ներկայացմանը պատրաստվել ենք մեկ ու կես տարի և մեր թիմում ներգրավել ենք փորձաքննության ու իրավաբանական խորհրդատվության լավագույն մասնագետներին: Թող ժամանակը ցույց տա, թե ով կհաղթի, բայց ես վստահեցնում եմ, որ դեռ շատ անակնկալներ են սպասվում:
– Արդյո՞ք 2019 թվականին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հարուցված քրեական գործը կնվազեցնի ընկերության շանսերը դատարանում:
– Չէի ուզենա մեկնաբանել (ժպտում է.- Զ.Դ.):
Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար ու «Սանիթեք»-ի իրավասու անձանց կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով քաղաքը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել: Հարուցվել էր քրեական գործ, այն ուղարկվել էր Քննչական կոմիտե:
««Սանիթեք»-ից սույն հայտարարությանն արձագանքել էին. «Կոռեկտ չէ հերթական անգամ դատախազության կողմից աղաղակող 5.3 մլրդ դրամի վնասի մասին պաշտոնապես հայտարարելն այն պայմաններում, երբ «Սանիթեք» պայմանագրերի տարեկան ամբողջ շրջանառությունը չի գերազանցում անգամ 5.2 մլրդ դրամը։
Հաղորդագրության մեջ նշված փաստերը խեղաթյուրում են ողջ իրականությունը և արդյունք են մակերեսային վերլուծությունների, և կարծում ենք, նպատակ են հետապնդում արդարացնել պետական մեքենայի բոլոր լծակների օգտագործմամբ «Սանիթեքին» վերացնելու Երևանի քաղաքապետի ծրագիրը»:
Նկատենք՝ իրավաբանական որոշ շրջանակներից նշում են՝ Քննչական կոմիտեում քննվող սույն գործը, հնարավոր է, անուղղակի ազդեցություն ունենա արբիտրաժային դատարանում ընկերության հայցի քննության վրա: