Հայի բախտ․ դժգույն ու դժբախտ Հայաստան

Խառը ժամանակներ են Հայաստանում։ Կուստուրիցան ու Փարաջանովն անգամ կերազեին այնպիսի գրոտեսկային սյուժեի մասին, որն այսօրվա հայկական իրականությունն է։

Թզբեհ քաշող երկրի առաջին դեմքից մինչև գործակալի պիտակով խորհրդարանի կառավարիչ, բանակում չծառայածի առաջ խոնարհվող գեներալիտետից մինչև թզբեհազբաղին անուղղակի քծնող պսևդոմտավորական սազանդարներ, որոնք քծնում են անուղղակիորեն՝ առանց անունը տալու, նրա հակառակորդներին ծաղրելով․․․ Սյուռեալիստական այս և բազմաթիվ այլ պատումներից է բաղկացած հայկական իրականությունը, որը հազիվ թե անցած լիներ որևէ ֆանտաստ գրողի մտքով։

Այս իրականությունը կերտվել է տարիներ, տասնամյակներ, գուցե հարյուրամյակներ շարունակ, պարզապես այսքան ցցուն է դարձել պատահաբար պետականություն ստացած լինելու պատճառով ու նաև, որովհետև ճակատագիրը դաժան է ու դիմադրում է պետությունը կամովին կորցնելու մեր բոլոր անհատական ու հավաքական ջանքերին։ Ճակատագիրը, ահա, դիմադրում է, ու պետության դեմ ուղղված մեր արշավները դեռևս հաջողությամբ չեն պսակվում։ Իսկական հայի բախտ։

Փոխարենը՝ շատ տեսանելի են մեր անհատական ու հավաքական այլ արշավների արդյունքները։ Մենք ազգովի պայքարում ենք մտքի, գաղափարի, գիտելիքի ու բանականության դեմ, և այդ հարցում ունենք նախանձելի հաջողություններ։

Հայաստանը վաղուց ապրում է ուրացումների շրջապտույտում։

Մենք ուրանում ենք ամենայնը՝ մեկն ուրանում է բանականությունը, երկրորդը՝ սեփական եղբորը, երրորդները՝ ազգությունն ու գենը, իսկ հավաքականորեն՝ ուրանում ենք մարդուն ու մարդկայինը։ Բանականությունն էլ մարդկայնության ցուցիչն է, հետևաբար՝ հակամարդ մեր իրականությունը պետք է լիներ ու է՛ այսչափ հակաբանական ու հակատրամաբանական նաև։

Մարդու ու մարդկայնության դեմ հայտարարված պատերազմում տիեզերական հաղթանակներ արձանագրելով՝ մենք վարժ ու վարպետորեն բողոքում ենք առ այն, որ մեր պետությունը բավարար պայմաններ չունի մարդու կյանքի համար՝ մոռանալով, իհարկե, որ վաղուց հաջողել ենք պետության դեմ սանձազերծված սպարտակիադայում։

Մեր պատմիչները եղել են չափից ավելի գունագեղ ու պակաս փաստասեր, ինչի պատճառով նաև մենք երբեք աչք չենք գցել մեր գենետիկ կոդին ու չենք փորձել հասկանալ՝ ինչո՞ւ ենք այդքան անձնուրաց ատում պետությունը և ինչո՞ւ ենք մեր կյանքը պատմականորեն կառուցում կա՛մ հպատակության, կա՛մ թշնամանքի առանցքների շուրջ, ինչպես ավանդական ռուսահպատակությունն է ու նաև դրանից ածանցյալ թրքատյացությունը։

Մենք, ահա, չենք խորացել երբեք մեր պատմության այդ անցքերի մեջ՝ ոչ միայն  այն պատճառով, որ մեր պատմիչները հիմնականում եղել են գեղագիրներ, այլ, որովհետև նաև չենք ցանկացել հասկանալ պետականատյացության պատճառները, քանզի հասկանալով՝ գուցե սկսեինք չատել պետությունը ու երջանկության որոնումները տափաստանային հեռուներից ու օվկիանոսային ափերից տեղափոխեինք այս մի կտոր հողի վրա ու փորձեինք կառուցել պետություն, որը հողը հայրենիք է դարձնում, հային էլ՝ նաև քաղաքացի։

Դա, իհարկե, պակաս դիտարժան կդարձներ մեր սյուրռեալիզմը ու գուցե կկանգնեցներ դրան հասցրած ուրացումների շղթան՝ մի վերջին անգամ պետությունը պահպանելու շանս տալով։

Բայց մեզ այդ հեռանկարը կարծես թե չի սպառնում, քանի որ մեր պայքարն այդ շանսի դեմ աննահանջ է, ինչպես արևի շողը լուսադեմին։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս