«Չի բացառվում, որ այս զորավարժությունների ժամանակ սահմանային սադրանքներ տեղի ունենան». Ռազմական փորձագետ
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն արդեն հինգերորդ զորավարժություններն է անցկացնում, որոնց անցկացրել է կամ Թուրքիայի հետ համատեղ, կամ առանձին։ Այս անգամ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում։ Ադրբեջանի զինված ուժերի հատուկ հակատանկային ստորաբաժանումների մասնագիտացված հավաքի շրջանակում ուսումնասիրվում է Արցախյան երկրորդ պատերազմում ձեռք բերված փորձը, կատարվում են գործնական կրակոցներ:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ ոչ միայն կանխատեսել էր այս զորավարժությունները, այլև հստակ ժամկետներով էր կանխատեսել։
«Այս զորավարժությունները համարում եմ պատասխան զորավարժություններ թուրք-ադրբեջանական զորավարժությունների, որոնք անցկացվեցին փետրվարին Կարսում։ Ընդհանուր առմամբ և՛ այն ժամանակ, և՛ հիմա ես այն մտքին եմ, որ չի բացառվում, որ այս զորավարժությունների ժամանակ սահմանային սադրանքներ տեղի ունենան, քանի որ այս ժամանակաշրջանը, որն ընտրվել է, այսինքն՝ դեպի գարուն գնացող, ավելի նպաստավոր է ռազմական որոշակի կարճաժամկետ սադրանքների համար։
Նույն տրամաբանությամբ նաև սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմն էր, որի ժամանակ հապճեպ փաստաթուղթ ստորագրվեց այն դեպքում, երբ արդեն նոյեմբերից 10-ից սկսած եղանակային պայմանները վատացան, և, ըստ էության, Ադրբեջանը չէր կարող հաջողություններ ունենալ։ Սա նկատի ունենալով՝ կարող եմ վստահորեն ասել, որ այս առումով նաև իրենք ընտրել են այնպիսի ժամանակահատված, որպեսզի հնարավոր սահմանային սադրանքների դեպքում իրենք հաջողություն գրանցեն, և այդ հաջողությունը հաստատված լինի բնության կողմից ևս»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է այս ամենին զուգահեռ՝ հայկական կողմի անելիքներին, Կարեն Հովհաննիսյանը նկատեց՝ առհասարակ այդքան էլ կողմնակից չէ, որ ադրբեջանական զորավարժություններին հայկական կողմը պետք է պատասխանի զորավարժություններով։
Նա ավելի կողմնակից է, որպեսզի Հայաստանն ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնի սպառազինության վրա, այսինքն՝ փոխի իր մարտավարությունը, հասկանան՝ ինչ մարտահրավերներ կան, և ինչ ռազմավարությամբ է առաջ շարժվում։
«Հայկական կողմից կարևորը պետք է լինեն պլանային զորավարժությունները, այլ ոչ թե ադրբեջանական զորավարժություններին ի պատասխան զորավարժությունները։ Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց մեր զինված ուժերը պատրաստվում են և կարողանում են ժամանակի հետ քայլել և անում են ամեն ինչ՝ ապագայում ևս քայլելու համար»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։
Միաժամանակ փորձագետն արձանագրեց, որ տարածաշրջանի գերտերությունները Նախիջևան ասելով՝ հասկանում են ոչ թե Ադրբեջան, այլ Թուրքիա, հետևաբար՝ այս զորավարժություններն անձամբ համարում է ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական կամ թուրք-ադրբեջանական։
«Իրականում թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը (հատկապես Իրանը) տարածաշրջանում խնդիրներ են տեսնում թուրքական ներկայացվածությունից, եթե հաշվի առնենք նաև Սյունիքի հանգամանքը։ Այստեղ Թուրքիայի կամ Ադրբեջանի ոչ թե մեկ բնակավայր վերահսկողության տակ վերցնելն է կամ ինչ-որ մեկ դիրք, այլ ամբողջ տարածքը, որը ցամաքային կապով կկապի Նախիջևանը Ադրբեջանի հետ։ Հենց այստեղ բախվում են մի կողմից՝ Իրանի, Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ Թուրքիայի շահերը։ Հետևաբար՝ այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ խնդիրն ավելի աշխարհաքաղաքական բնույթի է, ինչը լի է վտանագավոր տարրերով»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով քաղաքական տարբեր գործիչների հայտարարություններին, մասնավորապես՝ «Մուսաֆաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլի հայտարարությանը, որ «հաջորդ Նովրուզը կնշեն Զանգեզուրում», և հարցին՝ սա հերթական սադրա՞նքն է, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ այստեղ որևէ սադրանք չի տեսնում, քանի որ Ադրբեջանի իշխանությունը որդեգրել է այն քաղաքականությունը, որը որդեգրել էր նաև նախկինում՝ ուժի միջոցով լուծել բոլոր հարցերը՝ առանց բանակցությունների։
«Այս քաղաքականությունը չի փոխվել պատերազմից ու այդ տխրահռչակ փաստաթղթից հետո, պատերազմը չի ավարտվել, մարտահրավերները չեն փոխվել։ Թող որևէ մեկին չթվա, թե այս ամենը ամպագոռգոռ բառեր են։
Բոլորս էլ գիտենք, նրանք նախկինում հայտարարում էին, օրինակ, նախորդ տարի այս ժամանակահատվածում, որ իրեք Շուշիում ևս զորավարժություններ են անցկացնելու, Կուբաթլիում բացելու են փախստականների համար բազմաբնակարան շենքեր։ Այնպես որ, այս ամենին չպետք է մատների արանքով նայել ու որակել միայն սադրանք. սա հստակ մեսիջ է ծավալապաշտական քաղաքականության»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։