Դա Թուրքիայի վրա ազդելու մեր կարևորագույն գործիքներից է, և դրանից կամովին հրաժարվելը Թուրքիայի վաղեմի երազանքն է. թյուրքագետ

Թեև Հայաստանի գործող իշխանությունների ու իշխանամերձ շրջանակների կողմից պարբերաբար հնչում են խաղաղասիրական կոչեր, և գուցե ոչ նկատելի, բայց հստակ ձևակերպմամբ՝ անգամ վարչապետն է ուղենշում տարածաշրջանում նոր իրողություններին հարմարվելու օրակարգը, սակայն թուրքական կողմից չեն մարում հակահայկական հայտարարութունները, ագրեսիան և անգամ ագրեսիվ գործողությունները:

«…Իրողությունը հետևյալն է՝ մեր ժողովուրդը, մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք: Բայց այս տարածաշրջանում մեր ապրելու կամ այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը ո՞րն է՝ հետևյալն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Քանի մեզ ընկալում են՝ որպես թշնամի, այնքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ ընկալում են՝ որպես թշնամի: Նույնիսկ շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- Արագածոտնի մարզում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հարցը դժվար է, բայց պետք է այդ հարցի հետ առերեսվել:

Իսկ այդ օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Հայաստանին հասցրեց կրկին մեղադրել ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»:

Էրդողանը նաև հայտնել էր՝ Թուրքիան հետամուտ է լինելու 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ նշելով, որ երբ գալիս են մարտ և ապրիլ ամիսները, այդ հարցն օրակարգում է հայտնվում: Նա անգամ ամերիկյան արխիվներին հղում անելով՝ վստահեցրել է, թե որևէ ցեղասպանություն չի եղել:

Բայց այս ամենը չավարտվեց միայն հայտարարությունների տեսքով. օրերս տեղեկացանք, որ Թուրքիայում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական պատմական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը:

168.amթյուրքագետ Վարուժան Գեղամյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են թուրքական չդադարող ագրեսիվ քաղաքականության պայմաններում հայկական իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները շարունակ հույսեր կապում Թուրքիայի հետ երկխոսելու, կամ ինչու են պարբերաբար խաղաղասիրական կոչեր հնչեցնում:

Թյուրքագետն ի պատասխան՝ նկատեց. «Կարծում եմ՝ պատճառն այն է, որ մենք գործ ունենք իշխանությունների հետ, որոնք փորձում են Հայաստանի Հանրապետությունը պարտվողական դիրքերից հարմարեցնել տարածաշրջանային այն իրականությանը, որը ձևավորում է Թուրքիան, այսինքն՝ փորձ է՝ հարմարվել այն նախապայմաններին, որոնք առաջարկվում են Թուրքիայի կողմից:

Եվ քանի որ մեզ մոտ չի փոխվել բանակցողը, այսինքն՝ իշխանությունները նույն իշխանություններն են, որոնք փաստացի նաև Թուրքիայի վարած պատերազմի կամ ղեկավարած պատերազմի պարտված կողմ են, հետևաբար՝ այդ մարդիկ չեն կարող այլ կետից սկսել բանակցությունները. պետք է պարտվողական դիրքերից հանդես գան: Ըստ էության, մենք հենց դրա ականատեսն ենք լինում այս պահին»:

Քանի որ վերջին օրերին ակտիվացել են ԱՄՆ նոր վարչակազմի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականության մասին խոսակցությունները, և քանի որ տարբեր փորձագետներ նշում են, որ աշխարհաքաղաքական առումով ևս սա ամենահարմար ժամանակահատվածն է, թյուրքագետից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Ցեղասպանության ճանաչման գործընթացը խոչընդոտելու համար Թուրքիայի կողմից դիվանագիտական շփման մեկնարկի կեղծ օրակարգ առաջարկվի հայաստանյան իշխանություններին։

«Ես չեմ բացառում, որ այդպիսի բան կարող է լինել, ենթադրում եմ նաև, որ այդ ուղղությամբ մասնակի աշխատանքներ կան, ինչը, իհարկե, ցավալի է: Կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչումը մեզ համար իրական գործիք է հենց այդ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու տեսանկյունից՝ շատ ավելի ուժեղ դիրքերից հանդես գալու համար: Այսինքն՝ ոչ թե հակառակն է, որ Ցեղասպանության հարցը չլինի, և մենք լավ հարաբերություններ կհաստատենք. ո՛չ, դա մեր կարևորագույն գործիքներից է Թուրքիայի վրա ազդելու, և այդ գործիքից կամովին հրաժարվելը, ըստ էության, նպաստելու է թուրքական տարածաշրջանային քաղաքականությանը և շատ վաղեմի երազանք է:

Որովհետև եթե այդ թեման կարևոր չլիներ Թուրքիայի համար, այդքան չէր փորձի ամեն գնով կասեցնել միջազգային ճանաչման հարցը և այդ հարցն ընդհանրապես օրակարգից հանել, ինչը մենք տեսնում ենք տարիներ ի վեր»,– պատասխանեց Վ․ Գեղամյանը:

Հարցին էլ՝ որո՞նք պետք է լինեն մեր իշխանությունների կողմից այն քայլերը, որոնք կնպաստեն տարածաշրջանում ճիշտ դիրքավորվելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս իշխանությունների համար միակ ճիշտ քայլը հրաժարականի ներկայացումն է. ուրիշ որևէ ճիշտ քայլ չի կարող անել այս իշխանությունը տարածաշրջանային ոչ մի հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս