Բաժիններ՝

Կինոթատրոն, մշակույթի կենտրոն, ազգայնականների գրասենյակ. Էսքիշեհիրի հայկական եկեղեցու ճակատագիրը

Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը թաղամասում (նախկինում՝ Հոշնուդիյե հայկական թաղամաս) գտնվող Սուրբ Երրորդություն հայկական պատմական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Այն նույնպես արժանացել է հայկական լքված եկեղեցիների ճակատագրին:

1915թ. հետո նույնպես Թուրքիայում շարունակվել է մշակութային եղեռնը: Ավերվել են կանգուն մնացած եկեղեցիներն ու դպրոցները: Բազմաթիվ եկեղեցիներ էլ վերածվել են ախոռների, պահեստների և երբեմն էլ կինոթատրոնների:

1945թ. հայկական այս եկեղեցու շենքը Էսքիշեհիրի հիմնադրամների կողմից վաճառվելուց հետո նույն թվականին վերածվել է ժամանակակից կինոթատրոնի: Իսկ 1974թ. սկսած որոշ ժամանակահատված պատմական եկեղեցու շենքում ցուցադրվել են էրոտիկ ֆիլմեր: Հատկանշական է, որ նմանատիպ ֆիլմեր ցուցադրվել են ոչ միայն այս, այլև հայկական մի շարք այլ եկեղեցիների շենքերում, որոնք վերածվել էին կինոթատրոնների:

Ձևափոխված շենքի առաջին հարկում գործում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի մոր անունը կրող մշակութային կենտրոնը ( Zübeyde Hanım Kültür Merkezi): Իսկ երկրորդ հարկում՝ Թուրքիայում «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) Էսքիշեհրի նահանգային կառույցի գրասենյակն է:

Շենքի արտաքին պատերին փակցված են կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի լուսանկարով պաստառը, կուսակցության լոգոն և Թուրքիայի դրոշը: Վերջերս էլ շենքի պատին են փակցրել նաև Ադրբեջանի դրոշը, ինչը կարող է պայմանավորված լինել արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողություններով: Այս միջադեպի կապացությամբ Twitter-ում գրառում է արել և դրան կից լուսանկար է հրապարակել պոլսահայ Օզան Դևրիմյանը:

Այս կապակցությամբ նա հեգնանքով գրել է. «Հերիք չէ, որ հայկական եկեղեցին իրենցով են արել, հիմա էլ անշուշտ պետք է Ադրբեջանի դրոշը տնկեին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս