«Պատերազմը չի դադարել ոչ թե մեր որոշումների պատճառով, այլ, որ դրան ինտենսիվ մասնակցություն ունի Թուրքիան, Ադրբեջանը, տեռորիստների խումբը». ԱԽ քարտուղար

Պատերազմի 4-րդ օրը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ի վերջո առաջարկե՞լ է դադարեցնել պատերազմը, թե՞ ոչ: Շրջանառվող այս հարցն  այսօր լրագրողները նորից ուղղեցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կառավարության նիստից հետո:

«Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա, ԱԽ այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է, և այն, ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»:

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում պնդել էր՝ «Պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք հանդես չի եկել պատերազմը դադարեցնելու առաջարկով»:

Այսօր էլ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց.

«Պատմության տեսանկյունից, կարծում եմ՝ եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու է այն բոլոր թեզերը, կամ բոլոր մտքերը, որոնք ես այդ հարցազրույցում ասել եմ»։

Դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները փոձում են սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, Օնիկ Գասպարյան, որպեսզի պարտության մեղքը բարդվի հենց Օնիկ Գասպարյանի վրա, ԱԽ քարտուղարն ասաց․

«Մենք որևիցե նպատակ չունենք սլաքներն ուղղելու դեպի Զինված ուժեր։ Զինված ուժերը նույնիսկ պատերազմի մասին զեկույց պետք է պատրաստեր հենց Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, և եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղվի դեպի Զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք դեպի Զինված ուժեր։ Մենք որևիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք էլ ունենա միանշանակ։ Եկեք մեղավորներ չփնտրենք, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԶՈՒ-ն պատրաստի համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»։

Հարցին՝ թե ինչո՞ւ իշխանություններն ավելի վաղ չհակադարձեցին Օնիկ Գասպարյանին, երբ նա 2020 թվականի նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ ինքն Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի պատերազմի 4-րդ օրն այն կանգնեցվի, և հակադարձեցին միայն այն ժամանակ, երբ Օնիկ Գասպարյանը պահանջեց իշխանությունների հրաժարականը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․

«Պատերազմը դադարեցնելու քննարկումն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի նիստում, այդ ԱԽ նիստում է հենց՝ «նույնիսկ 2-3 օրվա մեջ մեր կարողությունները այլևս չեն ձգելու» դադարեցնելու միտքը հնչել։ Ի դեպ՝ այդ ԱԽ նիստում մասնակցում էին նաև ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավարները, և հենց այդ ԱԽ նիստում է քննարկվել։ Ինչ վերաբերում է՝ թե ինչո՞ւ շուտ չենք ասել, նախ՝ դա որոշակի չափով ոչ թե հայտարարել ենք մենք, երբ որ հրաժարական է պահանջել, այլ, երբ որ հրաժարականից հետո աշխատանքից ազատվել և գնացել է։ Այստեղ մեծ տարբերություն կա․․․ Ինչ վերաբերում է՝ ինչո՞ւ ենք այդքան ուշացրել՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը, մենք գտել ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ աշխատանքների վրա, բանակաշինության, բանակի բարեփոխումների, քան այդ հարցերի վրա․․․»։

Լրագրողներն ԱԽ քարտուղարից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ պատերազմն ավելի վաղ չկանգնեցվեց, քանի որ, ինչպես Ռուսաստանի Դաշնության նախագահն էր իր հարցազրույցում շեշտել, որ առաջարկ  արել էր Փաշինյանին, նաև հարցրեցին  ծագումով արցախցի պաշտոնյային՝ արդյո՞ք իր համար էլ է Շուշին դժբախտ և դժգույն քաղաք, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը․

«Պատերազմը դադարեցնելու գոնե 3 հրապարակային գործողություն եղել է, պատերազմը չի դադարել ոչ թե մեր որոշումների պատճառով, այլ, որ դրան ինտենսիվ մասնակցություն ունի Թուրքիան, Ադրբեջանը, տեռորիստների խումբը, այդ իսկ պատճառով շարունակվում էր պատերազմը․․․ Պատերազմի և քաղաքի մասով վարչապետը հստակեցումներ է տվել։ Ինչ վերաբերում է քաղաքին, ապա, այո, Շուշին հայկական քաղաք է»։

Լրագրողներն ԱԽ քարտուղարից հետաքրքրվեցին, թե նա անվտանգային ի՞նչ խնդիրներ է տեսնում Սյունիքում․

«Անվտանգության որևիցե մակարդակ չկա, որևիցե հանրությունում, որ գոհացուցիչ լինի։ Ինչ վերաբերում է անվտանգային միջավայրին, բնականաբար, մենք այս նոր ստեղծված իրավիճակի ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի անվտանգությունը հնարավորության շրջանակներում բարձր լինի»։

 

Տեսանյութեր

Լրահոս