Հայաստանում ծնելիությունը կրճատվել է, մահերը՝ ավելացել, իսկ վերջին 3-4 ամսվա անորոշությունը լուրջ գործոն է մարդկանց միգրացիոն տրամադրությունը բարձրացնելու համար. էթնոսոցիոլոգ
«Արտագաղթը Հայաստանի առջև ծառացած լրջագույն խնդիրներից մեկն է: Այն լուրջ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ազդեցություն է ունենում Հայաստանի բնակչության շրջանում»,- «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց էթնոսոցիոլոգ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Միհրան Գալստյանը:
Մասնագետն ընդգծեց արտագաղթի բացասական հետևանքները՝ հատկապես Հայաստանի անվտանգության առումով:
«30 տարիների ընթացքում բոլոր կառավարությունների օրոք խոսվել է արտագաղթի մասին, համարվել է, որ այն Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիր է, սակայն ինչ-որ տեղ այն քաղաքականացվել է, որովհետև, եթե հիշենք ընտրությունները կամ դրանից հետո տեղի ունեցող գործընթացները, անընդհատ ինչ-որ մեղադրանքներ են հնչեցվել, որ այս իշխանության օրոք այսքան արտագաղթեցին, և այլն, սակայն հիմնարար բարեփոխումներ կամ մեղմացման գործիքներ այնտեղ չեն դրվել, և լուրջ հետևանքներ է այն ունեցել ՀՀ-ի համար: Շարունակվող արտագաղթի պատճառով ժողովրդագրական լուրջ խնդիրների առջև ենք հիմա կանգնած: 1990-2001 թթ. Հայաստանից արտագաղթել է 1 մլն 100.000 մարդ: Այսինքն, 10 տարիների ընթացքում մենք կորցրել ենք ՀՀ բնակչության մոտ 1/3-ը: Սա իսկապես խնդիր է մեր ժողովրդագրական հետագա գործընթացների համար:
Մյուս կողմից էլ՝ պետք է փաստենք, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կար շրջափակում, էներգետիկ ճգնաժամ, և այլն, այդ ամենը վանող գործոններ էին, որ անընդհատ աշխատում էին ՀՀ-ում, բայց դրանից հետո կառավարությունը մեղմացման գործիքներ, միջոցառումներ կարողացավ կազմակերպել, որպեսզի կարողանար արտագաղթի տեմպերը մի քիչ մեղմացնել:
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ միայն սահմանամերձ բնակավայրերից ունեցել ենք 73.000 մարդ, որոնք արտագաղթել են: Իհարկե, որոշ մասը վերադարձավ, բայց մեծ մասը՝ ոչ, ինչը լուրջ խնդիր դարձավ»,- նշեց Միհրան Գալստյանը՝ ընդգծելով, որ արտագաղթողների 20 տոկոսն աշխատունակ էին ու վերարտադրողական տարիքի էին, կարող էին Հայաստանում ժողովրդագրական խնդիրներ լուծել:
Էթնոսոցիոլոգը փաստեց՝ այս տարիների ընթացքում էլ արտագաղթը՝ փոքր քանակով, բայց շարունակվել է: 2016 թվականին, օրինակ, ՀՀ-ից մեկնել է 24900 մարդ, 2017թ.՝ 24.000, 2018թ.՝ 18.300, 2019թ.՝ 15.000 մարդ: Արտագաղթը հատկապես սահմանամերձ բնակավայրերից էական ազդեցություն կարող է ունենալ.
«Սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը պահելու համար պետք է կարողանանք լուրջ միջոցառումներ ձեռնարկել: Դրանք ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրեր են, որոնց ներուժը կարևոր է Հայաստանի անվտանգության համար: Վերջին 5 տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզից արտագաղթել է 4100 մարդ, Տավուշից՝ 400: Հիմա շատ ենք խոսում Սյունիքի մասին: Պետք է ասել, որ ժողովրդագրական իրավիճակը Սյունիքում այդ առումով այնքան էլ լավ չէ: Սյունիքից մոտ 2100 մարդ արտագաղթել է, մոտ 1000-ը՝ սահմանամերձ բնակավայրերից: Վայոց Ձորում ևս այսպիսի պատկեր է»,- նկատեց Միհրան Գալստյանը:
Էթնոսոցիոլոգի փոխանցմամբ՝ ծնելիության թիվը Հայաստանի բոլոր մարզերում ըստ վիճակագրական տվյալների՝ կրճատվել է 15-20 տոկոսով, միայն Երևանում է, որ ծնելիությունը բարձրացել է: 2020թ. 2400 երեխա է ծնվել: Ցավոք, ավելացել է մահացությունների թիվը՝ 2020թ. ունեցել ենք 9000 մահ:
Անդրադառնալով արտագաղթի պատճառներին՝ Միհրան Գալստյանն ասաց, որ դրանք շատ են:
«Արտագաղթի համար սովորաբար 2 գործոն են առանձնացնում. վանող և ձգող: Վանող գործոնների մեջ տնում են տնտեսական, քաղաքական, հոգեբանական, իրավական անպաշտպանվածության խնդիրները, իսկ ձգող գործոնների մեջ մտնում են այն երկրները, որոնք ունեն բարենպաստ պայմաններ միգրանտներին ընդունելու համար: Խոսքը և՛ բարձր աշխատավարձի, և՛ բարձր կենսամակարդակի, աշխատաշուկա հեշտ մուտք գործելու մասին է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում արտագաղթի հիմքում տարիներ շարունակ տնտեսական գործոնն է: Վերջին 3-4 ամսվա անորոշությունը լուրջ գործոն է մարդկանց միգրացիոն տրամադրությունը բարձրացնելու համար»,- եզրափակեց էթնոսոցիոլոգը: