«Ակնհայտ է, որ այս իշխանությունների կազմակերպած արտահերթ ընտրություններն անցնելու են աննախադեպ կեղծիքներով ու ռեպրեսիաների կիրառմամբ». Դավիթ Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի և քննիչ Արթուր Այվազյանի էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ 168.am-ի երեկվա հրապարակումը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում:

Հիշեցնենք, որ 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում է հիմնական դերակատարներին։

Այսօր հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը:

Թեմայի առնչությամբ 168.am-ի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն ասաց, որ սա աննախադեպ բացահայտում է:

«Որևէ այլ ժողովրդավարական կամ կիսաժողովրդավարական երկրում կառավարությունն արդեն պետք է հրաժարական տար այս խայտառակ բացահայտումից հետո: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի օգնականն է ասում՝ ինչ մեղադրանք պետք է առաջադրեն Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ կառավարությունը ոչ միայն ինքն է ուղղորդում իիրավապահ մարմիններին՝ բռնաճնշումների գնալ քաղաքական հակառակորդների նկատմամբ, այլև ինքը ստանձնել է իրավապահ մարմինների գործառույթները: Այսինքն՝ այս կառավարությունն իրականացնում է թե քննիչի, և թե դահիճի լիազորությունները»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ այս ամենից և կապիտուլյացիայից ու լայնածավալ ստից հետո, այդ թվում նաև՝ պատերազմի 44 օրերի ընթացքում, այս կառավարությունն ինքն է ուզում անցկացնել արտահերթ ընտրություններ:

«Ակնհայտ է, որ այս իշխանությունների կազմակերպած արտահերթ ընտրությունները կամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնելու են աննախադեպ կեղծիքներով ու ռեպրեսիաների կիրառմամբ: Սրանք ունեն կարևորագույն մի նպատակ՝ լեգիտիմացնել իրենց կապիտուլյացիան, ողջ Հայաստանի և Արցախի դեմ ուղղված իրենց եռամյա գործունեությունը և մեր ազգային արժանապատվության ստորացումը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Հարցին, թե որպես նախկինում իրավապահ կառույց ղեկավարած պաշտոնյա՝ ի՞նչ է կարծում, Դատախազությունն արդյոք ընթացք կտա՞ հրապարակմանը, քանի որ այսօր տեղեկացրել են, որ այն ուսումնասիրվում է, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ դատախազությունն արդեն իսկ՝ սկսած 2018 թվականից, ուսումնասիրում է բազմաթիվ նման գործեր, այդ թվում՝ նաև ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարների և Նիկոլ Փաշինյանի հայտնի գաղտնալսումը կամ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու հիմքերը, բայց ապարդյուն:

«Առնվազն միամտություն է հույս ունենալ, որ Դատախազությունը, որն այս ռեպրեսիվ հանգույցների ղեկավարներից մեկն է և գործում է մեր պետականության դեմ, ինչ-որ մի բան կանի»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս