Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ Ռուբեն Հայրապետյանի գործով քննիչին ցուցումներ տալու մասին 168.am-ի հրապարակումը
Երեկ ուշ երեկոյան, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում է հիմնական դերակատարներին։
Փաստեր էին հրապարակված գործով քննիչ Արթուր Այվազյան, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյան՝ էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։ Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:
Տեսանյութերում, որոնք 168.am-ը խմբավորել էր մեկ տեսանյութի մեջ, նաև կան տարբեր մարդկանց անուններով word փաստաթղթեր, որոնք, ինչպես պարզեցինք, այդ գործով վկաների անուններն են ներառել: Այդ մարդկանց անուններով փաստաթղթերի առկայությունը նախաքննական մարմնի և Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդականի նամակագրության մեջ ողջամիտ հիմք է տալիս ենթադրել, որ պետական պաշտոնատար անձինք համագործակցված կերպով, փաստորեն, «աշխատել են» նաև վկաների հետ:
Երեկ այս հրապարակմանն աանդրադարձել էր նաև Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հրապարակված տեսանյութերն իրենց մեջ պարունակում են պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված հանցավոր խմբին բնորոշ ծանր հանցագործություններ կատարելու անհերքելի փաստեր:
«Այս խայտառակության վերաբերյալ առավոտյան հանցագործության մասին գրավոր հաղորդում եմ ներկայացնելու գլխավոր դատախազություն, իսկ մինչ այդ ասեմ, որ գիշերը չքնելն ու նամակագրությունը մաքրելը քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում օգուտ չեն բերի»,- մասնավորապես նշել էր նա:
Այսօր մեզ հետ զրույցում Ամրամ Մակինյանն ասաց, որ արդեն գրավոր հաղորդումը հանցագործության մասին ուղարկել է Գլխավոր դատախազություն:
«Այո: Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման մասին, կից ապացույցները ներկայացնելով, հաղորդում եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն»,- ասաց նա:
168.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազությունից ասացին, որ ստացել են Ամրամ Մակինյանի հաղորդումը:
Ասացին նաև, որ մեր հրապարակումն ուսումնասիրվում է դատախազությունում, և այն դեռ որևէ մարմին չի գնացել: