ԱԱԾ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը դեռ լռում են. ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ոդիսականը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան  գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթթինգը հապճեպ լքել է Հայաստանը. այս տեղեկությունը երեկվանից տարածվել է հայաստանյան լրատվամիջոցների ու համացանցի տիրույթում:  Մարիան Քլարկ-Հաթթինգի Հայաստանը լքելու հնարավոր պատճառների մասին բազմաթիվ տարբերակներ են շրջանառվում:

Mediaport  Տելեգրամ-ալիքի տեղեկություններով ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել  հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով՝ ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

168.am-ի հետ զրույցում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն, չմեկնաբանեցին՝ հղում տալով Արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի տված պարզաբանմանը:

Նկատենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանել էր ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը՝ մասնավորապես հայտնելով.

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի  ներկայացուցչության հետ կապ հաստատելու և որևէ պարզաբանում ստանալու մեր բոլոր փորձերը մատնվեցին անհաջողության. ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանի հեռախոսահամարը նույնիսկ դարձավ անհասանելի:  Կապ չկարողացանք հաստատել նաև ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի լրատվական բաժնի հետ:

Նշենք, որ Մարիան Քլարկ-Հաթթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է  ընդամենը 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016-2020 թթ․, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ՝ պաշտոնավարել է Մալայզիայում։

 

Տեսանյութեր

Լրահոս