ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ոստիկանական բարենորոգման մասին օրինագիծը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել է օրինագիծ ոստիկանական բարենորոգման մասին, որն անվանվել է ի պատիվ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի, որն անցյալ տարի զոհվեց իրավապահների կողմից նրա ձերբակալման փորձի ժամանակ:
Ինչպես հայտնում է ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի մամուլի ծառայությունը, նախաձեռնության պաշտպանության օգտին արտահայտվել է 220 կոնգրեսական: Դեմ է քվեարակել 212 օրենսդիր: Այժմ օրինագծը պետք է քննարկի Սենատը։
Նախաձեռնությունը, մասնավորապես, ոստիկաններին արգելում է կիրառել խեղդող հնարքներ, ստեղծում է ոստիկանության կողմից անօրինաչափ գործողությունների հսկման տվյալների ազգային պահոց, ինչպես նաեւ արգելում է որոշ դեպքերում տալ օրդեր, որը ոստիկաններին թույլ է տալիս առանց նախազգուշացման դուռը ջարդելով ներխուժել տուն: Առաջարկվող բարենորոգման շրջանակում ընդլայնվում են իրավապահների նկատմամբ հայցերի հարուցման հնարավորությունները նրանց կողմից չարաշահման պատճառով:
Ինչպես նշում է The Hill թերթը, Հանրապետական կուսակցությունից ոչ մի կոնգրեսական չի պաշտպանել բարենորոգումը:
Այսպես, հրատարակության տվյալներով՝ հանրապետական Լանս Գուդենը (Տեխասի նահանգից) սկզբնապես քվեարկել է օրինագծի օգտին, սակայն որոշ ժամանակ անց հայտնել է, որ պարզապես սեղմել է ոչ այն կոճակը: Twitter-ի իր էջում օրենսդիրը հայտնել է, որ խնդրել է փոխել իր ձայնը: Այսպիսով, ինչպես պարզաբանում է NBC հեռուստաընկերությունը, Գուդենի խնդրանքին հավանություն տալուց հետո քվեարկության արդյունքը կլինի. «կողմ»՝ 219, «դեմ»՝ 213: Բարենորոգման հակառակորդների թվում են նաեւ երկու դեմոկրատներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: