«Մեղադրել մի ամբողջ բանակի ԳՇ գլխավորությամբ հեղաշրջում կատարելու մեջ՝ մեղմ ասած, անբարոյականից մի քիչ անդին է». Սերժ Սրապիոնյան
ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն իր մտահոգությունները կիսեց Բաղրամյան պողոտայում հավաքվածների հետ: Նա նշեց, որ, թեև անվերջ խոսել են այս պահին առկա բոլոր վտանգների մասին, սակայն եղել են մարդիկ, որոնք չեն ընկալել այդ ու տանը նստած սկսել են որոնել բացթողումներ իրենց հռետորաբանության մեջ:
Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» գործողություններին ու հասարակության տարբեր շերտերում առկա՝ կտրուկ գործողությունների գնալու պահանջին՝ գրականագետը վստահեցրեց. «Մենք արդեն կտրուկ գործողությունների մեջ ենք, հա՛յ ժողովուրդ: Մենք ամբողջ օրը այստեղ ենք, կաթվածահար ենք արել երթևեկությունը, ստիպել ենք, որ ԱԺ նախագահը փախչի և չգա-անցկացնի նիստը:
Բա դա կոնկրետ գործողություն չէ՞. եթե այդպիսի կոնկրետ գործողություններ մենք անենք մի քանի օր շարունակ, գոյանքը, որ նստած է հայոց վարչապետի աթոռին, երկար կարո՞ղ է դիմանալ:
Եվ մենք չե՞նք մտածում արդյոք, իրավունք չունե՞նք մտածելու, թե ինչու ամբողջ աշխարհից անկեղծ անհանգստություն եղավ, և միայն նրա երկու եղբայրական պետությունները պետական կառավարողների մակարդակով իրենց անհամաձայնությունը հայտնեցին այս ժողովրդավարական շարժման դեմ»:
Սերժ Սրապիոնյանը խոսեց նաև ԶՈՒ Գլխավոր շտաբի և շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը հաջորդած իրադարձությունների մասին. «Մենք լսում ենք հերթական մանիպուլյացիան՝ դասական, գենետիկ ստախոսի և մանիպուլյատորի շուրթերից:
Հայոց բանակը տարավ պառկեցրեց մարտի դաշտում՝ իր մեղքով, երբ ինքը իրեն համարում էր ոչ բարով գերագույն գլխավոր հրամանատար: Մարտավարության մասին ես դատումներ անել չեմ կարող. զինվորականներն իրենց կարծիքն արդեն ասել են, բայց մեղադրել մի ամբողջ բանակի Գլխավոր շտաբի գլխավորությամբ հեղաշրջում կատարելու մեջ՝ մեղմ ասած, անբարոյականից մի քիչ անդին է, անբարոյական, որովհետև շատ լավ գիտենք՝ ոնց են կազմակերպվում ռազմական հեղաշրջումները. դրա մասին գեներալներն ամենամեծ գաղտնապահությամբ են շշնջում իրար մեջ, և մինչ գոյանքը նստած է լինում իր աթոռին, սուսուփուս մտնում են կաբինետ և նրա չլվացած օձիքից բռնում-նետում են խուցը. Այ, ռազմական հեղաշրջումն այդպես է արվում: Ոչ թե մարդիկ արդարացիորեն իրենց քաղաքացիական խղճին հլու-հնազանդ իրենց անհանգստությունն են հայտնում իրենց կործանվող հայրենիքի վերաբերմամբ, և այս մարդը նրանց մեղադրում է հեղաշրջում կատարելու մեղադրանքով և ուզում է ազատել ազնիվ գեներալին իր աշխատանքից, որովհետև դա ամենամեծ վտանգն է, որովհետև ինքը շատ հեռու է ազնվությունից»:
Հիշեցնենք՝ երեկ Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։ «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ»,- արձագանքելով հայտարարությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրեց վարչապետը՝ կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ: