«Իրեն իշխանություն համարող խմբակը չի հասկանում, որ սուբյեկտայնության կորստի պայմաններում հնարավոր չէ տարածաշրջանի էներգետիկ շուկաներում որևէ դիրք զբաղեցնել». Վահե Դավթյան
Կառավարությունը տարեսկզբին հավանություն տվեց ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին, որտեղ խոսվում էր նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին:
«Արևային կայանների կառուցումը, հանդիսանալով տնտեսապես ամենաշահավետը Հայաստանի պարագայում, հաշվի առնելով առկա ռեսուրսները և այս տեխնոլոգիայի զարգացման միտումները որջ աշխարհում, կլինի գերակա մնացած տեսակների նկատմամբ՝ հաշվի առնելով համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշներով պայմանավորված սահմանափակումները»,- Ռազմավարության Վերականգնվող էներգետիկայի ներուժի օգտագործման վերաբերյալ դիտարկումներից է:
168.am-ը «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց, թե արևային էներգետիկայի զարգացման ինչ հեռանկարներ կան Հայաստանում:
Վահե Դավթյանն ի պատասխան՝ նախ ներկայացրեց հարցի քաղաքական կողմը.
«Բոլոր այն միտումները, որոնք ներկայիս վարչակազմին թույլ են տալիս խոսել Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին, ձևավորվել են 2016-2018 թթ.-ին, երբ տվյալ ոլորտը Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք հայտարարվեց էներգետիկայի զարգացման առաջնահերթ ուղղություն: Խնդիրները շատ էին, ինքս այդ տարիներին բազմիցս սուր քննադատության եմ ենթարկել իշխանությունների էներգետիկ քաղաքականությունը՝ համարելով, որ այն տանում է էներգետիկան առավելապես բիզնեսի դաշտ՝ էապես նվազեցնելով դրա անվտանգային ու աշխարհաքաղաքական նշանակությունը: Սակայն սա առանձին խոսակցության թեմա է:
Մի բան հստակ է, որ հենց այդ տարիներին նախաձեռնվեցին արևային էներգետիկայի բոլոր այն կարևոր նշանակության նախագծերը, որոնք այսօրվա վարչակազմը փորձում է վերագրել իրեն: Ի դեպ, նույն պատկերը մենք ունենք նաև Երևանի ՋԷԿ-ի դեպքում: Սակայն խնդիրը նրանում է, որ այսօրվա դիլետանտների իշխանությունը ոչ միայն իրեն է վերագրում այդ նախագծերը, այլ ստեղծում է դրանց իրականացմանը խոչընդոտող պայմաններ: Որպես օրինակ՝ կարող ենք դիտարկել նույն Մասրիկ-1 կայանը, որը պետք է արդեն շահագործման հանձնված լիներ, սակայն 2018թ.-ի իշխանափոխությունից հետո գործընթացը փակուղի մտավ»:
Անդրադառնալով 2020-2040թթ. ռազմավարության մեջ արևային էներգետիկային վերաբերող դրույթներին՝ մեր զուցակիցը դրանք որակեց՝ «բաժակաճառերի շարքից»:
Ըստ նրա՝ որպեսզի ավելի հստակ ներկայացնել այդ դրույթների կիրառելիությունը, նախևառաջ անհրաժեշտ էր պլանավորել Հայաստանի ընդհանուր էներգետիկ բալանսն ու դրա երկարաժամկետ կառուցվածքը.
«Մինչդեռ ծրագրում ընդամենն խոսվում է արևային կայաների տեսակարար կշռի բարձրացման մասին՝ 2030 թ.-ին հասցնելով այն 15 տոկոսի: Գուցե այդ ցուցանիշը շատ հրապուրիչ թվա, սակայն, որպեսզի դրանք ունենան կիրառական բնույթ, անհրաժեշտ է սահմանել առհասարակ երկրում առկա և նախատեսվող գեներացիոն հզորությունների կշիռը՝ առանձին-առանձին վերցրած, ինչը թույլ կտա մեզ ավելի օբյեկտիվորեն գնահատել արևային էներգետիկայի զարգացման հեռանկարը:
Սակայն ակնհայտ է, որ նման կանխատեսում ու պլանավորում անելու համար անհրաժեշտ է ունենալ երկրի տնտեսության զարգացման ռազմավարություն՝ կրկին մինչև 2040թ., քանի որ էներգետիկան հնարավոր չէ դիտարկել երկրի տնտեսական գործընթացներից դուրս, հատկապես էներգիայի սպառումն ուղղակի կորելացիայի մեջ է տնտեսական ակտիվության ու զարգացման հետ:
Այս պարագայում ստացվում է, որ էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ծրագիրը ոչ այլ ինչ է, քան բարի ցանկությունների հավաքածու: Դատեք ինքներդ. ծրագրում նշված է, որ 2026 թ. էլեկտրաէներգիայի գեներացումը Հայաստանում պետք է կազմի մոտ 12 մլրդ կՎտժ, որից մոտ 45-50 տոկոսը պետք է արտահանվի: Ստացվում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը պետք է կազմի մոտ 6 մլրդ: Սակայն այսօր էլ մենք սպառում ենք մոտ 7 մլրդ: Ինչ է, այն մոտակա 20 տարվա ընթացքում այդ ցուցանիշը չի՞ փոխվելու, մի բան էլ նվազելո՞ւ է: Առհասարակ, արտահանման մասով ծրագրում տեղ գտած մոտեցումներն ամբողջությամբ անհիմն են: Նախատեսվում է, օրինակ, 5,5-6,5 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը: Ո՞ր ուղղություններով: Իրանի՞, որտեղ գնալով դիրքերն են ամրապնդում ադրբեջանական ու թուրքմենական ընկերությունները, թե՞ Վրաստանում, որն այլևս հրաժարվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրել:
Իրեն իշխանություն համարող խմբակը չի հասկանում, որ սուբյեկտայնության կորստի պայմաններում, որոնք ձևավորվեցին հենց իրենց գործունեության արդյունքում, հնարավոր չէ տարածաշրջանի էներգետիկ շուկաներում որևէ դիրք զբաղեցնել: Այս ամենը վկայությունն է այն բանի, որ ներկայացված ծրագրի հիմքում դրված չեն ազգային տնտեսության զարգացման երկարաժամկետ վերլուծություններ: Ու այս առումով մեծ հարցականի տակ է դրվում նաև արևային էներգետիկայի համակարգային զարգացումը, մինչդեռ, ինչ խոսք, ներուժը հսկայական է՝ հաշվի առնելով թե արևային ժամերի քանակը մեր երկրում, թե լուրջ գիտական դպրոցի առկայությունը»:
Քանի որ փորձագետը նշեց Մասրիկ 1-ի մասին՝ նրանից նաև ճշտեցինք, թե ի՞նչ ընթացքում է այդ էլեկտրակայանի կառուցումը, նա տեղեկացրեց.
«Մասրիկ-1-ի ապագան առավել քան անորոշ է: Դեռ մինչև պատերազմն այն գտնվում էր փաստաթղթային ձևավորման փուլում, իսկ այսօր՝ հաշվի առնելով կապիտուլյացիոն ակտի ստորագրման արդյունքում տարածքային լուրջ վերադասավորումները՝ այն ընդհանրապես ներդրողի համար դառնում է ռիսկային: Կայանը նախատեսվում է կառուցել այլևս հայ-ադրբեջանական սահմանին հարող տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք համայնքում՝ Քարվաճառի հարևանությամբ: Մեծ Մասրիքն օդային տարածքով ընդամենը 8 կմ հեռավորության վրա է գտնվում սահմանից: Այն ակտիվորեն ռմբակոծվում էր թուրքական բայրաքթարներով պատերազմի օրերին: Սա այլևս բավականին վտանգավոր գոտի է, ու այդտեղ նման կարևոր նշանակության կայանի կառուցումը կարող ենք չափազանց ռիսկային համարել:
Կայանի կառուցման ընթացքը, թերևս, այս ամենի արդյունքում մտել է փակուղի: Չեմ կարծում, որ այն, ինչպես նախատեսվում է, տեսանելի ապագայում կմիանա ցանցին»:
Հիշեցնենք, ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը, անդրադառնալով հաստատված ռազմավարության բովանդակությանը, նկատել էր, որ այն լի է բազմաթիվ բաժակաճառային հիմնադրույթներով և չի կարող ընկալվել՝ որպես ռազմավարական նշանակության փաստաթուղթ՝ իր հիմքում չունենալով առանցքային հարցի պատասխանը, այն է՝ ինչպիսի էներգահամակարգ ենք ցանկանում ունենալ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներում, ինչպիսի էներգետիկ բալանսի, ինչպիսի կառուցվածքի ենք ձգտում:
«Փաստաթղթի, թերևս, առանցքային խնդիրը կայանում է նրանում, որ այն չի դիտարկում էներգետիկան անվտանգային համատեքստում, սա է պատճառը, որ այն սկսվում է արևային էներգետիկային ու էներգախնայողությանը նվիրված դրույթներով, մինչդեռ Հայաստանի արդի էներգետիկ համակարգում ամենաառանցքային խնդիրը պետք է հանդիսանա ոչ թե այլընտրանքային էներգետիկայի, այլ ամբողջ համակարգի կոնվերգենտ զարգացումը՝ խարսխված այլընտրանքային ու կոնվենցիոնալ էներգետիկայի հավասարաչափ ու ներդաշնակ զարգացման սկզբունքի վրա»,- ասել էր փորձագետը: