Պատերազմի հետևանքով հիմնադրամի շահառու է հաստատված 4005 զոհից 1111 զինվորի ընտանիք. փոխհատուցման չափը կազմում է 12 միլիարդ դրամ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր ստեղծման օրվանից մինչ այս պահը՝ 2021 թվականի փետրվարի 23-ը, ֆինանսական աջակցություն է հատկացրել 1528 ընտանիքի, որոնք հիմնադրամի շահառու են դարձել 2018 թվականից հետո։
Սրանից բացի՝ Կառավարության համաֆինանսավորմամբ հիմնադրամն աջակցություն է տրամադրել նաև 2008 թվականից մինչև 2016 թվականը ներառյալ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը՝ հավելելով, որ 1528 շահառու ընտանիքի փետրվարի 23-ի դրությամբ վճարվել է շուրջ 14 միլիարդ դրամ, ինչպես միանվագ՝ 5-10 միլիոն դրամի, այնպես էլ ամսական՝ 100-300 հազար դրամի սահմաններում։
«Այս վերջին պատերազմից հետո ունենք 1111 ընտանիք, որոնց տրվել է 12 միլիարդ դրամի հատուցում. նշեմ, որ 1111 թիվը մտնում է 1528 թվի մեջ։ Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին կատարվել է ամսական 300 հազար դրամ փոխհատուցում. շահառու հանդիսացած ընտանիքների թիվը 803 է, որոնց տրվող ամսական գումարը կազմում է 365 միլիոն դրամ»,- ասաց Ավետիքյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս 803 ընտանիքներին ամսական 300 հազար դրամը կտրվի այնքան ժամանակ, քանի դեռ դատական կարգով չի հաստատվել անհետ կորածի կարգավիճակը, ինչի հաստատումից հետո 6 ամիս վճարված գումարը կհանվի միանվագ 10 միլիոն դրամից և տարբերությունը կվճարվի զինծառայողի ընտանիքին։
«Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացած զինվորներին, ապա նրանց թիվը 55- է. ամսական նրանց տրվում է 300 հազար դրամ. ընդհանուր գումարը կազմում է 17 միլիոն դրամ»,- ասաց Ավետիքյանը։
Խոսելով հիմնադրամին տրվող պարտադիր վճարների և նվիրատվությունների չափի մասին՝ Վարուժան Ավետիքյանն ասաց, որ մինչ այս պահը հիմնադրամը 33 միլիարդ դրամ գումար է ստացել պարտադիր վճարների տեսքով, որին ավելացել է մոտ 9 միլիարդ դրամ նվիրաբերություն։
Ըստ նրա՝ նվիրաբերված 9 միլիարդ դրամից 7.5 միլիարդը նվիրաբերվել է 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո։