Բաժիններ՝

«Ռետրո ջազ» համերգներին Ջազ-նվագախումբը հետադարձ հայացք ուղղեց անցյալին

Երկու հաջողված համերգ, որոնց ընթացքում երաժշտության լեզվով հետադարձ հայացք ուղղվեց անցյալին։ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգներ ներկայացրեց Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։

Ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ ունկնդիրը մասնակցեց երաժշտական ճանապարհորդության դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան, դեպի Դյուկ Էլինգտոնի, Գլեն Միլլերի, Թոմի Դորսիի, Քաունթ Բեյսիի, Արտեմի Այվազյանի աշխարհ:

Արմեն Հյուսնունցը փաստում է՝ նվագախումբը գրեթե մեկամյա համավարակային դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքն իր բազային՝ Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ «Շատ սիրով ենք պատրաստվել այս համերգներին։ Ինչու է հենց այսօր պետք այս ժանրի երաժշտությունը, որովհետև այն ևս ստեղծվել է շատ ծանր ժամանակաշրջանում՝ հույս ունենալով մի փոքր դրական լիցք փոխանցել ու տարածել։ Իհարկե, մեկ ելույթը բավական չէ, որպեսզի կարողանանք անդրադառնալ բոլոր անվանի երաժիշտներին ու նրանց ստեղծագործություններին։ Այդպիսով, որոշեցինք անել նմանօրինակ ծաղկաքաղ, քանի որ նյութը շատ ծավալուն է։ Հատկապես հպարտ եմ, որ հատուկ անդրադարձ կա նաև հայկական ջազային դպրոցին»,- նշում է Արմեն Հյուսնունցը։

Համերգները նորը, ժամանակակիցը հայտնաբերելու, հնի վերագնահատման շնորհիվ այն իմաստավորելու եզակի հնարավորություն ընձեռեցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս