Կիպրոսը երկրների համար գունավոր կոդավորում է սահմանել՝ ըստ նրանցում COVID-19-ի տարածման արագության
Կիպրոսը մարտի 1-ից պլանավորում է իր օդանավակայանները բացել արտասահմանից ժամանողների համար եւ երկրների համար գունավոր կոդավորում է սահմանում՝ կախված նրանցում COVID-19-ի տարածման տեմպերից։
Կիպրոսն այսպես կոչված լուսացույցների համակարգ կսահմանի ԵՄ-ի անդամ պետությունների եւ այնպիսի երրորդ երկրների համար, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Իսրայելը:
Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, մարտի 1-ից մինչեւ 31-ը «կանաչ» երկրներից բոլոր ժամանողները պետք է COVID-19-ի անվճար ՊՇՌ-թեստ հանձնեն ժամանելուց հետո, իսկ ապրիլի 1-ից այդ պահանջը կչեղարկվի:
«Այն անձինք, ովքներ ժամանել են «դեղին» երկրներից, պետք է ՊՇՌ-թեստ հանձնեն ուղեւորվելուց առաջ 72 ժամվա ընթացքում: Իսկ ովքեր ժամանում են «կարմիր» մակարդակի երկրներից, անհրաժեշտ է ՊՇՌ-թեստ հանձնել երկու անգամ՝ նախքան ուղեւորվելը եւ կղզի ժամանելուց հետո:
Կիպրոսի տրանսպորտի նախարարությունը նաեւ հայտարարել է, որ մինչեւ մարտի 31-ը երկարացնում է պարտադիր յոթօրյա կարանտինը Միացյալ Թագավորությունից ժամանողների համար:
Հաղորդվում է, որ երկրների նշումները կվերանայվեն ամեն շաբաթ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:-