Գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությանը գնահատվեցին 2020-ի լավագույն ստեղծագործությունները
Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 10-ին, գրական տարբեր ժանրերում մրցանակների արժանացան 2020-ի լավագույն ստեղծագործությունները:
«Մրցանակակիրների գրքերն ամբողջ տարվա ընթացքում հաջողություններ են ունեցել, գնահատվել են: Մրցանակակիրների մեջ պատահական անուններ չկան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու հավաստիացրեց, որ ընտրված ստեղծագործություններն իրապես արժանի են բարձր գնահատականի և հետագայում բազմաթիվ ընթերցողների կգրավեն:
Նա տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ինը մրցանակաբաշխություն են կազմակերպում: Չնայած համավարակին, 2020-ին ոչ մի մրցանակաբաշխություն բաց չեն թողել: Առաջիկայում անցկացնելու են «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» մրցանակաբաշխությունը, իսկ փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, միությունում տեղի կունենա բանակին նվիրված ստեղծագործությունների մրցանակաբաշխությունը:
Արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին արժանացավ Դավիթ Մկր Սարգսյանը՝ «Առաջնորդը. Ալֆան և օմեգան» գրքի համար:
Պոեզիա գրական ժանրում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը հանձնվեց
Հենրիկ Էդոյանին՝ «Էլեգիկ մտորումներ» գրքի համար:
Դրամատուրգիա ժանրում Լևոն Շանթի անվան մրցանակին արժանացավ Ռուզան Ասատրյանը՝ «Տիգրան Մեծ։ Արծիվների տիրակալը» գրքի համար:
Գրականագիտության, գրաքննադատության ոլորտում Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը տրվեց Սուրեն Աբրահամյանին՝ «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի համար:
Գրական վաստակի համար Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին արժանացավ Իրմա Սաֆրազբեկյանը՝ «Օլգա Թումանյան» գրքի համար (ներկայացրել է Լոռվա հայրենակցական միությունը):
Թարգմանական գրականության ոլորտում տրվող Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը հանձնվեց Աշոտ Ալեքսանյանին՝ Հ. Հեսսեի «Ներսը և դուրսը» գրքի համար:
ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան գրական մրցանակը հանձնվեց Խաչիկ Մանուկյանին՝ «Վերջին մեղրամիսը» գրքի համար:
Դավիթ Մկր Սարգսյանը մրցանակը ստանալուց հետո ասաց, որ այն իր համար պարտավորեցնող է: «Այս դժվարին ժամանակներում, երբ հատկապես գրավոր խոսքը լուրջ խութերի միջով պետք է անցնի, հաղթահարի և՛ արհեստածին, և՛ բնական դժվարություններ, ուրախ կլինեմ, որ գրողական խոսքը հասնի ընթերցողին, հասարակության մեջ հույս արթնացնի»,-նշեց գրողը:
Խոսելով «Առաջնորդը. Ալֆան և օմեգան» վեպը մասին՝ Մկր Սարգսյանն ասաց, որ այն քաղաքական երգիծանքի բնույթ ունի: «Առաջնորդի կերպար եմ ստեղծել, որը, լինելով սատանա, փնտրում է սատանային: Պետք է փորձել անել ամեն բան, որ մեր գրականությունը բարձրության վրա լինի, էժանագին չլինի, չթելադրի միայն օրվա հրամայականները, այլ խոսի ժողովրդի սրտից ու վերադարձնի այն ճշմարտությունները, որոնցից կտրվել ենք»,-շեշտեց գրողը:
Լրագրողների հետ զրույցում Սուրեն Աբրահամյանն էլ անդրադարձավ իր գրքին, և ասաց, որ հայ պոեզիայի վերջին կեսդարյա շրջանը մեր գրականագիտության մեջ ամբողջապես ուսումնասիրված չէր, և իր հատորը նվիրված է հետսևակյան գրականության շրջանից մինչև արդի շրջանի ուսումնասիրությանը:
«Սևակը 50-60-ականների մեր գրականությունը հանեց ճգնաժամից՝ այն ձևավորելով իր սահմանած սիմֆոնիզմի՝ և՛ հանունի, և՛ ընդդեմի՝ այսինքն՝ ռեալիզմի նախահիմքերի տեսության վրա: Եվ ահա գրական նոր սերունդը խարսխված էր այդ տեսությանը, որը փորձում էր որոնել նորը, հասկանալ, թե ինչ է բանաստեղծությունը, ինչ է գրականությունը: Հենց այդ ժամանակ ձևավորվում է բանաստեղծական ապոետիկ սկզբի և մետաֆիզիկական բառի որոնման գաղափարը: Ապոետիկ ուղղությունը սկզբնավորեց Հովհաննես Գրիգորյանը, իսկ Հենրիկ Էդոյանը՝ բառի մետաֆիզիկական որոնման գաղափարը, որն 80-ականներին զարգացավ Հակոբ Մովսեսի պոեզիայում»,-ընդգծեց Աբրահամյանը: