Տրիստան Տցարա
Գրառումներ արվեստի մասին
Հանս Արպ
Ի վերջո, սեղմելով անսահմանությունը զուգահեռ գծերով, իսկ չափավորությունը՝ գիտական կուտակումներով, նա զգետնեց իր արվեստը, որը պայթեց ու ծլարձակեց հազարավոր ճյուղերով: Նրանց ձևերի ու ակնարկների հարստությունը սքանչելիորեն միավորվել է մեկ պարզ և հարաճուն ամբողջության մեջ:
Բարձունքում երգում են այն մասին, ինչի մասին խոսում են խորքում:
Բնությունը կազմավորված է իր ամբողջության մեջ, ֆանտաստիկ նավի ճոպանները միավորված են առ շողի սայրը և ուղղորդված են այն սկզբունքներին, որոնք լուսավորում են բյուրեղների և միջատների կառուցվածքը, ծառի հիերարխիաները:
Ամեն մի բնական երևույթ պահպանում է իր կազմավորման հստակությունը, սակայն թաքնված իրեն բացահայտող կապերով, որոնք միավորվում են հանց լուսնի շողերի ընտանիքը, անիվի կենտրոնում, որը պտտվում է անսահմանության մեջ, այդ երևույթը՝ գունդն է, որը հարաբերակցում է իր ազատությունը, իր վերջին բացարձակ գոյությունն անհամար կոնստրուկտիվ օրենքներով:
Քույր իմ, ծաղիկ, հիմք, քար:
Օրգանիզմն իր լրմանն է բերվում յուրաքանչյուր երակի լռին ըմբռնումով և իր ողջ տեսքով:
Մարդը կեղտոտ է: Նա սպանում է կենդանիներին, բույսերին, իր եղբայրներին: Նա կռվազան է: Նա խելացի է: Խոսում է չափազանց շատ և չի կարողանում արտահայտել իր մտքերը:
Սակայն արվեստագետն արարիչ է: Նա կարողանում է աշխատել այն գործելաեղանակով, որն օրգանական է դառնում: Նա որոշում է: Նա մարդուն ավելի լավն է դարձնում: Մշակում է մտադրությունների այգին, այն կարգի է բերում:
Սկզբունքի մաքրությունն ինձ երջանկությամբ է հուզավառում: Տեսնել անդին հորիզոնական գծից, որն ընդարձակվելով՝ խաղաղեցնում է հեռավոր երկրների աճող նորույթները, սառույցի ծաղկումը:
Արպ
Սիմետրիա
կեսգիշերային հանդիպման ծաղիկ,
ուր գլխապտույտն ու թռչունը փոխակերպվում են լուսապսակի անդորրի, և գինովությունն աճում է:
Ծաղիկն արդեն բյուրեղ է կամ սրբաբզեզ, մագնիս, աստղ, պարզ կյանք վայելելու ցանկություն:
Եթե հնարավոր է մարմնավորել հրաշքը, ապա մենք կհայտնվենք այնպիսի բարձունքներում, որ քո արյունը, ընթերցող, կդառնա պարգև հրեշտակապետերին, աստղաբաշխական դեղ` հավատ, ժողված պարզ սրտերում` իմաստություն, գիտելիք:
Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը