«Կառավարության ներկայացուցիչներն այն ժամանակ պետք է գային Սյունիք, թե չէ՝ սա տուրիստական արշավի է նմանվում». Մեղրիի քաղաքապետ

Սյունիքի մարզի բոլոր շահեկան դիրքերը թշնամուն հանձնելուց հետո Կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի երկու խորհրդականները և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, իրար հաջորդելով՝ գործուղվել են մարզ։

Դեկտեմբերի 1-ին Սյունիք էր գործուղվել Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը՝ Արայիկ Հարությունյանը, այնուհետև մյուս խորհրդականը՝ Ռոբերտ Ղուկասյանը, հունվարի 29-ին էլ Սյունիք գործուղվեց Տիգրան Ավինյանը։

Ըստ մամուլի հրապարակումների, Սյունիքի համայնքների ղեկավարներից շատերը բոյկոտել են և չեն հանդիպել Տիգրան Ավինյանի հետ․ պատճառն այն է, որ փոխվարչապետից և առհասարակ կառավարությունից որևէ ակնկալիք չունեն։

168.am-ի հետ զրույցում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը տեղեկացրեց, որ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը չի գնացել։

«Նախ, իրենց պայմանավորված ժամը, որը մենք հաստատել էինք՝ ժամը 11-ին պետք է հանդիպեինք, փոխվեց, մազպետարանից զանգահարեցին՝ ասացին, որ հանդիպումը տեղափոխվել է ժամը 16։30-ին, մենք էլ չգնացինք։ Եթե անկեղծ՝ ակնկալիք չունեինք»,- ասաց Մխիթար Զաքարյանը։

Ինչ վերաբերում է այն սյունեցիներին, որոնց տներն անցել են ադրբեջանական զորքի հսկողության տակ և որոնց կառավարությունն ասել է, որ փոխհատուցումներ է տալու՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ 300 հազարական դրամ և միանվագ 68.000 դրամ՝ 6 ամիս շարունակ, Մխիթար Զաքարյանը նշեց, որ փոխհատուցումը պետք է համարժեք լինի կորցրած գույքին։ Այսինքն՝ եթե պետությունն իր առաջնահերթ ֆունկցիան չի կատարում, չի ապահովում սահմանների անվտանգությունը, և դրա հետևանքով քաղաքացին կորցնում է իր ունեցվածքը, անիմաստ է՝ փոխհատուցումը պետք է համարժեք լինի քաղաքացու կորցրածին։

«Չենք էլ հասկանում՝ 300.000 դրամը տան գումա՞ր է, վարձի՞ փոխհատուցումն է, թե՞ այլ բան։ Մեղրիի տարածքում նման հարց չկա, սակայն Շուռնուխի ու Որոտանի խնդիրները համարում ենք նաև մերը, նրանք մեր քաղաքացիներն են, նաև Մեղրիի ճանապարհն է այդ տարածքով անցնում։ Սյունիքի, Մեղրիի համայնքի բոլոր խնդիրներին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քաջատեղյակ է, բոլորն էլ ներկայացվել է։ Կրկնում եմ՝ Կապանի համայնքապետի իմ գործընկերոջ խոսքերը, որ այդ հանդիպման չկայանալու հետ ճիշտ չէ կապեն մարզի խնդիրների լուծումը կամ չլուծումը, իրենք քաջատեղյակ են խնդիրներից։ Եթե ցանկանում են այդ խնդիրները լուծել, կարող են առանց մեզ հետ հանդիպման էլ լուծել»,- հավելեց Մ. Զաքարյանը։

Նա նաև ընդգծեց, որ փոխվարչապետի հետ հանդիպման չկայանալը մեծամասամբ կապված էր այն հանգամանքի հետ, որ կառավարության ներկայացուցիչները մարզ են այցելում այն բանից հետո, երբ բոլոր դիրքերն արդեն հանձնվել են թշնամուն։

«Գիտեք, մեկ պարզ ճշմարտություն կա, եթե, ցավոք, զիջումներ կային, դրանք մեր քաղաքացուն պետք է ներկայացներ մեր պետության ներկայացուցիչը․թշնամու զինվորականը, պաշտոնյան ի՞նչ գործ ուներ մեր քաղաքացիների հետ։ Կառավարության ներկայացուցիչներն այդ ժամանակ ու այդ նպատակով պետք է գային Սյունիք, թե չէ՝ կներեք, սա տուրիստական արշավի է նմանվում։ Ես տեղյակ եմ Արայիկ Հարությունյանի գործուղումից, որը եկել էր Մեղրի։ Նրան տարել են մեր նոր դիրքերից մեկը, ներկայացրել են, որ անհրաժեշտ է թրթուրավոր տրակտոր, խոստացել էր, որ կտա։ Սակայն առ այսօր այդ տրակտորի հարցը մենք լուծում ենք բարերարների միջոցով»,- շեշտեց Մեղրիի քաղաքապետը։

Հարցին՝ եթե Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ժամը չփոխվեր և հանդիպումը կայանար, ի՞նչ հարցադրումներ ուներ փոխվարչապետին, Մխիթար Զաքարյանը պատասխանեց, որ արդեն սովորել են այն ռեժիմին, որ իրենց խնդիրներն իրենց ուժերի սահմաններում պետք է լուծեն։

«Փոխվարչապետը տեղյակ է բոլոր հիմնախնդիրներից կամ առնվազն պարտավոր է տեղյակ լինել։ Թող խնդիրներից որևէ մեկը լուծի, վստահություն առաջանա, դրանից հետո մենք գուցե անհրաժեշտ համարեք նրան մի հարցով դիմել։ Իսկ այսպես՝ վստահություն չկա, որ որևէ հիմնախնդիր կլուծեն»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։

Տեսանյութեր

Լրահոս