Արտակ Թովմասյանը՝ Աննա Հակոբյանի, Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի հետ «խաղ խաղալու» մասին

«Թովմասյան» հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ որոշել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել նոյեմբերի 9-ից հետո, երբ ստորագրվեց կապիտուլյացիոն հայտարարություն:

«Տեսնելով իրավիճակը մեր երկրում՝ ամեն ազգասեր և կայացած մարդ, իմ կարծիքով, պետք է հնարավորություն ունենա իր խոսքն ասելու և մաքսիմալ իր ուժերի չափով կարողանա օգտակար լինել մեր երկրի առջև ստեղծված մարտահրավերները հաղթահարելուն: Սա է հիմնական նպատակը: Ստեղծված իրավիճակն ինձ և, ինձ թվում է, արժանապատիվ հայ զավակներին դրել է տագնապալի վիճակում, բերել է տագնապալի վիճակի: Ինձ թվում է, որ ամեն մի հայ, ով հասկանում է, թե ի՞նչ է պատիվը, արժանապատվությունը, ով հասկանում է, թե ինչ է պետք հայրենիքին սատարելու, պաշտպանելու համար, որը ցույց տվեց 44-օրյա պատերազմը, ամբողջ Սփյուռքը միավորվել էր և անում էր մաքսիմալը, ինչ որ կարող էր, ամեն մարդ իր հնարավորությունների սահմաններում՝ թե՛ ֆիզիկական, թե՛ ֆինանսական ուժով օգնում էր, ամբողջ ազգը միավորվել էր, սակայն ունեցանք այն, ինչ ունեցանք նոյեմբերի 9-ին»,- ասաց Թովմասյանը:

Լրագրողի հարցին, թե ո՞ւմ հետ է համագործակցում գործարարը, քանի որ իրեն ասոցիացնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, ապա նաև Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ՝ պնդելով, որ Արտակ Թովմասյանը Աննա Հակոբյանի հետ է քաղաքական այս խաղը տանում, Թովմասյանը պատասխանեց, որ ՀՀ բոլոր ղեկավարների հետ էլ շփումներ ունեցել է, քանի որ նրանք բոլորն էլ հանդիպումներ ունեցել են այլ երկրներում ապրող հայ գործարարների հետ, հորդորել են գալ Հայաստան, ակտիվ գործունեություն ունենալ մեր երկրի տնտեսական և մշակութային կյանքի մեջ:

«Բոլորի ուղերձները եղել են նույնը՝ «եկեք, դա մեր հայրենիքն է, ամեն ինչ լավ կլինի», նույնն էլ Փաշինյանն էր: Ես դա չեմ թաքցրել, հանդիպումներին եղել ենք, քանի որ աջակցել ենք հիմնականում, սկզբնական ժամանակահատվածում՝ մինչև 2004թ.-ը, մշակութային ոլորտին, բարեգործական միջոցառումներով, համերգներով միշտ ժամանել ենք Հայաստան, մշակույթի և սպորտի հետ կապված տարբեր միջոցառումներ ենք իրականացրել: Առիթ է եղել ծանոթանալ և շփվել բոլոր ղեկավարների հետ, քանի որ մեր դելեգացիայի մեջ ընդգրկված են եղել ԽՍՀՄ երկրների մեծ ճանաչում ունեցող անձինք՝ արտիստներ, երաժիշտներ, արվեստի գործիչներ: Դրա հետ կապված՝ բոլոր ղեկավարների հետ եղել է կապ, բոլորի հետ եղել է ծանոթություն, որի հետևանքով սկսվել են մեր աջակցությունները տնտեսական կողմով՝ ինվեստիցիաների միջոցով դեպի Հայաստան:

Դա է եղել մեր հիմնական կապը, հիմա, թե ժողովուրդն ինչպես է մեկնաբանում, կամ ասում, դա ամեն մեկի ֆանտազիան է, նույնությամբ բոլորս էլ լսած կլինենք, որ ասում են՝ Նիկոլը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է, Սերժ Սարգսյանը Քոչարյանի պրոյեկտն է, եթե այդ լոգիկայի մեջ նայենք, ապա մինչև հիմա միայն չեն ասում, թե ում պրոյեկտն է Ռոբերտ Քոչարյանը, բայց եթե Քոչարյանին կապում էին Սերժ Սարգսյանի հետ՝ ասելով, որ Սարգսյանը Քոչարյանի պրոյեկտն է, Նիկոլն էլ Սերժ Սարգսյանի պրոյեկտն է, այսինքն՝ դուրս է գալիս, որ Նիկոլը Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է, ինքը Ղարաբաղյան կռվում ակտիվ մասնակցություն ունենալուց հետո, երբ ունեինք Արցախը +7 շրջանները, վերջում «Քոչարյանը բերեց հասցրեց նրան, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով հանձնվի՞ այդ 7 շրջանները», ու պլյուս այն, ինչ որ արվել էր: Լոգիկա չկա, դրա համար հաճախ ինչ որ ասում են, չի տեղավորվում նորմալ մարդկային գիտակցության մեջ»,- ասաց Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս