Արցախի բոլոր բնակավայրերում ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը․ Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվեցին Էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Այսպիսով կարող ենք փաստել, որ Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու:
Պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Այդուհանդերձ, շնորհիվ համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքի՝ անգամ պատերազմական թեժ պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում: Մենք խորապես երախտապարտ ենք ենթակառուցվածքային համակարգերի բոլոր այն աշխատակիցներին, որոնք, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, նաև իրենց կյանքի գնով ապահովել են կենսական պայմաններն Արցախում»: